ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է երկու երրորդը
16:11 - 04 ապրիլի, 2022

ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է երկու երրորդը

Եվրասիական տնտեսական միության երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինն արդեն գերազանցում է երկու երրորդը, և այն ավելացնելու հնարավորություն կա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։

«Եթե խոսենք փոխադարձ առևտրի մասին, ապա ԵԱՏՄ երկրների ներքին փոխադարձ հաշվարկներում լուրջ հաջողություններ են գրանցվել․ 2013-2020 թթ-ին ազգային արժույթներով վճարումներն աճել են՝ 63%-ից հասնելով 74%-ի։ Ռուսաստանը ռուբլի է օգտագործում Բելառուսի հետ առևտրաշրջանառության 82%-ի, Ղազախստանի հետ՝ 63%-ի, Ղրղզստանի հետ՝ 58%-ի վճարման համար», - ասել է նա։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ռուբլու օգտագործման հնարավորությունները չեն սպառվում։ Այսպես, Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության 40%-ը սպասարկվում է դոլարով։ Ամերիկյան արժույթը երկրորդ տեղն է զբաղեցնում Ղազախստանի և Բելառուսի հետ առևտրում՝ համապատասխանաբար 28% և 9%:

Միաժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ առտրաշրջանառությունում ռուբլու տարածումը զբալիորեն ավելի ցածր է։

«Բացառություն է միայն Բելառուսը, որը ռուբլի է օգտագործում Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ երկրների հետ իր առևտրային գործարքների գրեթե մեկ երրորդ մասում», - ասել է Գլազևը։

ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի հետագա ավելացումը, նրա խոսքով, կախված կլինի նրանց առևտրատնտեսական հարաբերությունների խորացումից, առևտրի կառուցվածքից և դրա դիվերսիֆիկացիայի մակարդակից։

«Բացի դրանից, ԵԱՏՄ երկրների ապադոլարացման գործընթացը կախված կլինի արտաքին ռիսկերի մակարդակը նվազեցնելու երկրների ընդունակցությունից և մի շարք աջակցող միջոցներից», - հավելել է նա։

ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել