Պիտանիության ժամկետն անցած ձու, մակնշման բացակայություն. ՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի շուկայում կատարված ուսումնասիրությունները
15:52 - 16 ապրիլի, 2022

Պիտանիության ժամկետն անցած ձու, մակնշման բացակայություն. ՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի շուկայում կատարված ուսումնասիրությունները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել  ձվի իրացման շուկայում կատարված ուսումնասիրությունները: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերահսկողություն է իրականացվել ձվի 10, այդ թվում բոլոր խոշոր արտադրողների մոտ՝ «Լուսակերտ Էլիտ» ՍՊԸ, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ («Շիրակի ձու» ապրանքանիշ), «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ, «Մյաս» ՍՊԸ («Ձու սննդային» ՏՊ), «Գնթունիք» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Ջանիկ Գյորգյան, «Գնդեվազ-Ֆարմ» ՍՊԸ, «Սանփաուեր» ՍՊԸ:

Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել նաև իրացման ցանցում, որի շրջանակներում կատարվել են ձվի նմուշառում և լաբորատոր փորձաքննություններ՝ որոշելու համար ձվի թարմությունը։ Ըստ այդմ՝ մի քանի տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է չմակնշված ձվի խմբաքանակ, որի իրացման նկատմամբ սահմանվել է հսկողություն: Խմբաքանակի իրացումը թույլատրվել է միայն արտադրման օրվան համապատասխանող մակնշում անելուց հետո: Երկու արտադրողի մոտ հայտնաբերվել է «Բ» դասի թռչնի ձու, որը թույլատրվում է իրացնել միայն արտադրական նպատակներով: Տվյալ խմբաքանակները վաճառվել են արտադրող կազմակերպություններին՝ այդ մասին ծանուցելով Տեսչական մարմնին: 

Իրացման ցանցում ևս արձանագրվել է «Բ» դասի ձվի իրացման փորձ, որը Տեսչական մարմնի կողմից կանխվել է, իսկ խմբաքանակի իրացումը՝ կասեցվել։  Իրացման ցանցում հայտնաբերվել է նաև պիտանիության ժամկետն անցած հավի ձու, որի համար տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում։

Տեսչական մարմնի կողմից սահմանվել է հսկողություն տրված կարգադրագրերի և հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ։ Ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում, 2022 թվականի ապրիլի 17-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ, իրացման շուկայում արձանագրվել է բավարար քանակությամբ ձվի առկայություն, ինչը նպաստում է նաև դրա գնի արհեստական ուռճացման բացառմանը: Ավելին՝ շուկայում նկատվում է ձվի գնի նվազում:

Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ներկայում թռչնամիս և ձու արտադրողների մոտ իրականացվում է անասնահամաճարակային մշտադիտարկում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել