Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը գինեգործության բնագավառում զարգացման միտումներ ունի. ՍԱՏՄ
22:16 - 22 ապրիլի, 2022

Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը գինեգործության բնագավառում զարգացման միտումներ ունի. ՍԱՏՄ

Ռուսաստանի մայրաքաղաքում ապրիլի 22-ին անցկացվել է «Նոր օրենսդրությունն ու նորմատիվ փոփոխությունները Ռուսաստանյան գինեգործության ոլորտում․ Ազգային կոնյակի կոդ ծրագիրը գինեգործական արտադրանքի որակի և հետագծելիության միասնական մոնիտորինգային համակարգում» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Կառույցի ղեկավարը ներկայացրել է խաղողագործության և գինեգործության արդի վիճակը երկրում, արտադրության ծավալները, արտահանման ու դրա նկատմամբ վերահսկողության մեխանիզմները՝ ներառյալ որակի և անվտանգության պահպանման ուղղությամբ ներդրված մեթոդները։

Գեորգի Ավետիսյանը նաև մանրամասնորեն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բավականին ակտիվ համագործակցությանն այս ոլորտում, խոսել արտահանման ծավալների, դրանց ավելացման ու զարգացման միտումների մասին։ «Այս պահին մենք բավականին ինտենսիվ համագործակցություն ենք ծավալել ՌԴ Սննդի որակի և տեխնոլոգիայի հիմնարար և կիրառական հետազոտությունների լաբորատորիայի հետ, որի գիտական ներուժը և տեխնիկական զարգացումները հետագայում ակտիվորեն կօգտագործվեն մեր կադրերի վերապատրաստման և Հայաստանի Հանրապետության իզոտոպային բանկի ստեղծման գործում»,- նշել է Գեորգի Ավետիսյանը։

Կոնֆերանսի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև այլ երկրների ներկայացուցիչների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել