Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը պահպանվելու է, ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում փաստաթղթերի մեծ փաթեթ է ստորագրվել, այդ թվում՝ էներգետիկ, իրավապահ, սոցիալ-աշխատանքային և հումանիտար ոլորտներում։ Համապատասխան ռուսական և հայկական գերատեսչություններն արդեն սկսել են իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Պայմանավորվածություն կա՝ մեր հայ ընկերների համար պահպանելու գազի արտոնյալ գնագոյացումը։ «Գազպրոմ Արմենիան» ապահովում է կապույտ վառելիքի երկրի պահանջարկի 80%-ը։ Հանրապետության տնտեսությունում «Գազպրոմի» գծով ներդրումների ծավալը գերազանցում է 800 մլն դոլարը», - ասել է Գոնչարը։
Անդրադառնալով Հայկական ատոմակայանի հարցին, նա նշել է, որ «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի գծով աջակցություն է ցուցաբերվում՝ հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը։
«Հաջողությամբ ավարտվել է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումը, թույլտվություն է ստացվել շահագործելու կայանը մինչև 2026 թ-ը», - ասել է նա։
Դենիս Գոնչարը նշել է, նաև, որ Փաշինյանի այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ մի շարք ռուսական ընկերություններ մասնակցելու են տրանսպորտի, մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը։
Նորա Վանյան
comment.count (0)