Սուբվենցիոն ծրագրերից մինչև ապօրինի շինարարության դեմ պայքար. հանդիպում Շիրակի մարզպետարանում
16:47 - 26 ապրիլի, 2022

Սուբվենցիոն ծրագրերից մինչև ապօրինի շինարարության դեմ պայքար. հանդիպում Շիրակի մարզպետարանում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել են՝ 2022-ին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: 
 
Անդրադառնալով սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ չնայած հայտերի ներկայացման փուլում համայնքները ակտիվություն են ցուցաբերել, սակայն թերանում են նախագծային փաստաթղթերի ներկայացման առումով․ «Գործընթացի մեկնարկին շատ ուրախալի էր, որ համայնքները կառավարության հետ համագործակցությամբ փորձում են հիմնահարցերը լուծել, սակայն մինչ օրս նախագծային աշխատանքներ մարզպետարան չեն ներկայացվել: Այստեղ գործընթացը կաղում է, ինչը վատ է և կարող է խնդիրներ առաջացնել։ Որոշակի օբյեկտիվ գործոն կարելի է համարել նախագծային ընկերությունների շատ պատվերներ ընդունելն ու ժամկետներում չտեղավորվելը, սակայն համայնքները պետք է հստակ կարողանան քայլեր ձեռնարկել չհապաղելու համար։ Հորդորում եմ ձեզ այս հարցում լինել առավել օպերատիվ»։
 
Շիրակի մարզպետը կարևորել է նաև սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքների որակը՝ ընդգծելով, որ մարզպետարանը խիստ վերահսկողություն կսահմանի․
«Սուբվենցիոն ծրագրերի մարզպետարանի մշտադիտարկման աշխատանքային խումբը կուսումնասիրի բոլոր ծրագրերի ընթացքը, դուք ևս, հարգելի համայնքապետներ, այս հարցում եղեք առավել աչալուրջ և անհանդուրժող ցանկացած թերացման դեպքում, կան երաշխիքային ժամկետներ և շինարարները պետք է այդ պահանջները կատարեն։ Արդեն իսկ մի քանի բնակավայրում նախորդ տարվանից արձանագրվել են թերացումներ, որոնք պետք է անպատճառ շտկվեն»։
 
Շիրակի մարզպետը բավարար չի համարել սեփական եկամուտների մարզի համայնքների կատարողականը՝ ընդգծելով, որ համայնքների ղեկավարներն այս առումով անելիքներ ունեն՝ կարևորելով հատկապես առանձնակի խոշոր չափերի ապառքներ ունեցող այն քաղաքացիների նկատմամբ հստակ վերաբերմունքը, որոնք և վճարունակ են, և փորձում են չարաշահելով որոշակի հնարավորություններ չկատարել հարկային պարտավորությունները։
Առաջին եռամսյակում սեփական եկամուտները մարզում կատարվել են 70․2 տոկոսով։ Առանձնակի ցածր է եղել անշարժ գույքի հարկի վճարումը՝ 49․1տոկոս։
 
Անդրադարձ է կատարվել նաև ապօրինի շինարարություն չթույլատրելուն, այս հարցում համայնքների և պատասխանատու բոլոր կառույցների համագործակցված աշխատանքին։ Մարզպետը նշել է, որ անկախ դիրքից ու հնարավորություններից, բոլորը օրենքի առջև պետք է հավասար լինեն և ցանկացած շինության կառուցում մարզում բացառապես իրավասու մարմնի կողմից թույլտվության, օրենսդրությամբ անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային և այլ փաստաթղթերի հիման վրա պետք է արվի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել