Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվեց
 |factor.am|
15:33 - 29 ապրիլի, 2022

Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվեց |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը։

Հովսեփյանի կալանքի ժամկետը կրկին երկարեցվել էր փետրվարի 28-ին։ Պաշտպանական թիմը հայտարարել էր, որ այս մասով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու խնդրանքով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին։ Դիմումի մասով մինչ օրս պատասխան չի ստացվել։  

Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն օրեր առաջ է ավարտվել։ Factor.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նախաքննությամբ ապացուցվել է՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամի գույք։  

«Ավելի քան 6 մլրդ 800 միլիոն դրամ եկամտի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Հովսեփյանը կառուցել է Բյուրականի առանձնատունը: Առանձնատունը նախկինում պատկանել է Նկարիչների միությանը։ Այն ունի 2 հա-ից ավելի տարածք, բազմաթիվ շինություններ: Ապօրինի ճանապարհով ստացած գումարներով Բյուրականում գտնվող առանձնատունը կառուցելու արդյունքում դրա արժեքը բարձրացել է, կազմում է 1 մլրդ դրամից ավելի: Բացի այդ՝ հանցավոր ճանապարհով ստացած գումարով Մաշտոցի պողոտայում ձեռք է բերվել 2 բնակարան, ավտոտնակ: Հովսեփյանը, նախկին «Երևան» հեռուստաընկերության սեփականատիրոջից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրգործերի մասին, հովանավորչության համար որպես կաշառք պահանջել է 206 մլն դրամ արժեքով 50 բաժնետոմս, որը ստացել է որդուն նվիրաբերելու եղանակով»,- նշվում է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներում։   

Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել 6 հոդվածով, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացած եկամուտն օրինականացնելու համար: Առաջադրված մեղադրանքները ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահը չի ընդունում։    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել