Բավականին լուրջ անձնավորություններ ունենք բոլոր ոլորտներում, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կարող են իրենց ոլորտները ղեկավարել․ Օհանյանը՝ վստահության կառավարության մասին
15:58 - 02 մայիսի, 2022

Բավականին լուրջ անձնավորություններ ունենք բոլոր ոլորտներում, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կարող են իրենց ոլորտները ղեկավարել․ Օհանյանը՝ վստահության կառավարության մասին

Փողոցային պայքարը միանշանակ անհրաժեշտություն է, որովհետև դրանք այն գործողություններն են, որոնք կստիպեն այս իշխանություններին առաջինը փորձել խելքի գալ, բայց կարծում եմ, որ այս իշխանությունների օրոք երբևիցե Հայաստանը ճիշտ ուղու վրա չի լինելու զարգանալու։  Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Դրա համար այս գործողություններն են, որ պետք է գեներացնեն այն ամբողջ ուժը, որ մեր ժողովուրդը հասկանա, որ յուրաքանչյուրը պետք է կանգնի մեր արժանապատվության պահպանման համար։  Կեղծ օրակարգ է, որ եթե մենք ըմբոստանանք, հակառակորդը կարող է սադրանքներ իրականացնել։ Ազնիվ օրակարգը մեր արժանապատվությանը պաշտպանության կանգնելն է, ազնիվ օրակարգը մեր ողնաշարն ուղղելն է հետագա պայքարի համար»։

Խոսելով այն քաղաքացիների մասին, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանին, սակայն չեն ուզում մասնակցել ակցիաներին, որտեղ ներգրավված են նախկին իշխանությունների ներկայացուցիչները՝ Օհանյանն ասաց․ «Մենք պետք է համապատասխան աշխատանք տանենք յուրաքանչյուր քաղաքացու հետ, և յուրաքանչյուր քաղաքացի իր համոզմունքների մեջ պետք է վստահ լինի, որ այս ճանապարհը ճիշտ ճանապարհ է, և չպետք է հնազանդվել և էսպես կուրորեն գնալ թուրքահպատակության։ 

Դրա համար համոզելու աշխատանքն ամենաբարդ աշխատանքն է, համոզման մեթոդը ամենադժվար մեթոդն է։ Ավելի հեշտ մեթոդ է այսպիսի բիրտ ուժ կիրառել, ինչպես այսօր կիրառեցին այսօրվա իշխանությունները։ Եթե այսքան ուժ ունեին նրանք՝ ոստիկանություն և այլ ուժային կառույցներ, թող այդ ուժերը տանեին Շուշի, Հադրութ և պաշտպանեին մեր հայրենիքը», - նշեց Օհանյանը։ 

Օհանյանը ներկայացրեց, թե որոնք են լինելու ընդդիմության քայլերը։ Նշեց՝ մենք ամեն ինչ անելու են, որ հայ ժողովրդի վստահությունը բարձր մակարդակի վրա պահեն․

«Լինելու է երևի ժամանակավոր կառավարություն, վստահության կառավարություն, բարձր պրոֆեսիոնալների կառավարություն, որոնք էլ հետագա քայլերը քաղաքական առումով կորոշեն, նկատի ունեմ՝ ընտրություններ կլինեն և այլ քայլեր։ 

Ուզում եմ նաև մեր ժողովրդին ասել․ չպետք է վախենալ «հին» ասելուց։ «Հին» ասել չի նշանակում միայն ու միայն թերություններ, միայն ու միայն բացթողումներ։ Հին իշխանությունների մենձ ձեռք են բերել անկախություն, հին իշխանության օրոք մեր իշխանության բոլոր թևերը ձևավորվել են և զարգացել են, հին իշխանությունների օրոք մենք բանակ ենք ձևավորել և նաև Արցախում հաղթանակ ենք ունեցել, Հայաստանն ու Արցախը միասին զարգացել են։ Նոր իշխանությունների օրոք է, որ անփորձների մի թիմ է այսօր հայտնվել մեր իշխանության ղեկին, և մեր երկիրը բերեցին հասցրին այս իրավիճակին»։

Պատգամավորը հայտնեց՝ պարտադիր չէ, որ «հները» բոլորը լինեն իշխանության ղեկին։

«Իհարկե, խելացի մարդիկ միշտ փորձի հետ նաև կիրառում են նաև երիտասարդությունը, բայց միայն փորձի հետ, որովհետև փորձը պետք է գերակայի։ Եվ նաև պետք է անցումային գործողություններ իրականացնել, ասենք՝ մեր երիտասարդներին նախապատրաստելու ժամանակ։ Բայց նաև հների մոտ մի առավելություն կա․ այս իշխանությունները դեռևս չեն գնահատում, դասեր չեն քաղել իրենց բացթողումներից, իրենց սխալներից։ Ես, օրինակ, տեսնում եմ և՛ իմ սխալները, տեսնում եմ և՛ այսօրվա իշխանությունների սխալները։ Ես ավելի լավ հետևություններ կարող եմ անել, թե ինչպիսի ուղով մեր երկիրը պետք է գնա։ Հին, փորձառու, մանավանդ՝ ռազմական ոլորտում փորձառու մարդկանցից չպետք է խուսափել», - ասաց նա։

Հարցին, թե ովքեր պետք է լինեն վստահության կառավարության թիմում, պատասխանեց․ «Ես հիմա չեմ  ասել, կարծում եմ, ,որ հայի գենը թույլ է տալիս մեզ ասելու, որ բավականին լուրջ անձնավորություններ ունենք բոլոր ոլորտներում, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կարող են իրենց ոլորտները ղեկավարել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել