Կոտայքի մարզում ապօրինի օտարված անտառային հողատարածքը կվերադարձվի պետությանը
20:03 - 04 մայիսի, 2022

Կոտայքի մարզում ապօրինի օտարված անտառային հողատարածքը կվերադարձվի պետությանը

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրած վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և օրենսդրության խախտմամբ իրականացված աճուրդով ձեռք հողամաս բերած անձի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։

««Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը, հայտնաբերելով պետական շահերի խախտման փաստը, 2019-2020թթ. պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետարանի և մյուսների, որոնց շրջանակներում վիճարկել է Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող թվով 25 հողամասի վերաբերյալ 2007թ.կայացված աճուրդները՝ պահանջելով կիրառել հետևանքներ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրած վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և նշված հողամասերից մեկը օրենսդրության խախտմամբ իրականացված աճուրդով ձեռք բերած Զ. Գ.-ի: Մասնավորապես, դատարանի վճռով անվավեր է ճանաչվել 26.05.2007թ. կայացած այդ հողամասի աճուրդը և որպես դրա հետևանք՝ անվավեր է ճանաչվել նաև Կոտայքի մարզպետի և նշված անձի միջև 31.05.2007թ. կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա 0,55 հա տվյալ հողամասի նկատմամբ անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դատարանը քաղաքացուն նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել տվյալ հողամասը, իսկ Կոտայքի մարզպետարանին պարտավորեցրել է նրան վերադարձնել անվավեր ճանաչված հողամասի առուվաճառքի պայմանագրի գինը կազմած 3 մլն 435.5 հազար ՀՀ դրամը:

«Դատարանի այս որոշումը կարևոր նշանակություն ունի նույնպիսի սխեմայով իրականացված՝ Ծաղկաձորում գտնվող մյուս հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու, պետության խախտված գույքային իրավունքները վերականգնելու դատախազության նախաձեռնած իրավական գործընթացի համար:

Դեռևս դատարանի վարույթում են գտնվում թվով 24 հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու վերաբերյալ ՀՀ դատախազության ներկայացրած հարցեը, որոնք քննության արդյունքների վերաբերյալ հետագայում նույնպես հանրությունը կտեղեկացվի»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Լուսանկարը՝ hetq.am-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել