ԱԺ նիստերին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել․ Վարդանյանը՝ ընդդիմադիրների բացակայության մասին
12:04 - 17 մայիսի, 2022

ԱԺ նիստերին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել․ Վարդանյանը՝ ընդդիմադիրների բացակայության մասին

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների՝ նիստերին չմասնակցելու հարցին։ 

«Եթե որևիցե հիմնարկի որևիցե աշխատակից երկար ժամանակ բացակայի առանց հարգելի պատճառի, առանց հայտարարելու, թե ինչ է տեղի ունենում, անմիջապես այդ անձը կենթարկվի պատասխանատվության։ Տվյալ պարագայում, կարծես թե, թաքնվելով անձեռնմխելիության և որոշակի խորհրդարանական արտոնությունների ետևում, մենք ունենք նման գործընթաց»։ 

Վարդանյանի խոսքով՝ չի էլ հայտարարվել բոյկոտ, Ազգային ժողովի նիստի, նստաշրջանի կամ հանձնաժողովի նիստերի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել․ «Որպեսզի հասկանանք, որ մենք գործ ունենք, ըստ էության, ոչ թե պարզապես «դասից փախնելու», այլ ինչ-որ քաղաքական դիրքորոշման հետ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ մենք գործ ունենք քաղաքական մարմնի հետ, և պետք է հարգենք ոչ այնքան մեր գործընկերներին՝ դիմադիր կամ ընդդիմադիր, այլ նաև այն քաղաքացիներին, ովքեր իրենց քվեն են փոխանցել այդ անձանց, մենք որոշակի ըմբռնումով ենք մոտենում, բայց այդ ըմբռնումը համատեղելի պետք է լինի և իրավունքի գերակայության և իրավական պետության կոնցեպտի հետ և մենք ի վերջո պետք է հանրային հաշվետվողականություն ներկայացնենք մեր գործունեության վերաբերյալ»։

Հիշեցնենք՝ այսօր առավոտից «Դիմադրություն» շարժման անդամները վերսկսել են անհնազանդության ակցիաները։ Ակցիաներին մասնակցում են նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել