Լեհաստանը խզում է գազի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի հետ
15:59 - 23 մայիսի, 2022

Լեհաստանը խզում է գազի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի հետ

Լեհաստանն այսօր հայտարարել է, որ խզել է Յամալի գազատարով ռուսական գազ ստանալու պայմանագիրը Ռուսաստանի հետ։ Վարշավան մերժել էր գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը, ի պատասխան՝ Մոսկվան ապրիլին դադարեցրել էր գազի մատակարարումը, գրում է Reuters-ը։

Լեհաստանի կլիմայի հարցերի նախարար Աննա Մոսկվան, որն այս որոշման մասին հայտնել է Թվիթերում, լեհական PAP լրատվական գործակալությանն ասել է, որ Վարշավայի որոշումը չի ազդել լեհական ընկերության կառավարման ներքո գտնվող գազատարով Գերմանիայից Լեհաստան եկող գազի հոսքի վրա։

Ավելի վաղ Լեհաստանը հայտնել էր, որ մտադիր չէ երկարաձգել ռուսական գազի մատակարարման պայմանագիրը, որի ժամկետը լրանում էր 2022 թ-ի վերջին։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան հաստատել է լեհական կառավարության վճռական մոտեցման իրավացիությունը՝ ռուսական գազից լիովին անկախ դառնալու հարցում։ Մենք միշտ ենք իմացել, որ «Գազպրոմը» հուսալի գործընկեր չէ», - հայտարարել է Մոսկվան։

«Գազպրոմը» Reuters-ին չի մեկնաբանել այս հարցը։

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի իշխանությունը կուսումնասիրի պայմանագրի վաղաժամկետ խզման վերաբերյալ Լեհաստանի որոշումը։ Նա նշել է, որ Լեհաստանի իշխանությունը Ռուսաստանի նկատմամբ «լպիրշ, խելագարության հասնող դիրքորոշում» է զբաղեցնում։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել