ՀՀ նախագահը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի կարևորությունը
14:34 - 25 մայիսի, 2022

ՀՀ նախագահը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի կարևորությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում:

Վահագն Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը: Նախագահը մեծապես կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունն այս գործում:

Հանդիպմանը քննարկվել է նաև արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների ընթացքի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերը առաջնահերթություն են իր համար և իր ղեկավարած կառույցի ուշադրության ներքո են: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել