Երևանում նոր վերելակների ձեռքբերման այս տարվա ծրագրի ծավալը 10%-ով կավելանա
13:53 - 06 հունիսի, 2022

Երևանում նոր վերելակների ձեռքբերման այս տարվա ծրագրի ծավալը 10%-ով կավելանա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ 2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ծրագրի ծավալներն ավելացնել 10%-ով: Նոր վերելակների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է:

«Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով: Երևանի քաղաքապետարանը նախագծային մրցույթ կհայտարարի:

***

ՄԱԿ-ի գործընկերների հետ համատեղ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունն արդիականացնելու ուղղությամբ: Սրան զուգահեռ՝ մայրաքաղաքի բակային տարածքներում շարունակվում է արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը:

***

2022թ. մայիսին սեփական եկամուտների փաստացի գանձումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր առմամբ ավել է շուրջ 34%-ով, իսկ որոշ վարչական շրջաններում հավաքագրման նախանշված ծավալները գերակատարվել են: Քաղաքապետին զեկուցվել է, որ, այդուհանդերձ, կան վարչական շրջաններ, որոնց սեփական եկամուտների գանձումը չի գերազանցում 90%-ը: Կարևորելով գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում նախանշված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու համար շատ կարևոր է ապահովել հավաքագրման կատարողականը:

***

Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն անցած շաբաթ միացել էր Նոր Նորք վարչական շրջանը: Զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է խնդրահարույց տարածքներում, որոնք ներառում են 15 հասցե: Այս շաբաթ սանիտարական մաքրման աշխատանքներ կիրականացվեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել