«Ալ Քաիդա»-ն սպառնում Է ահաբեկչություններ կազմակերպել Հնդկաստանում |armenpress.am|
13:01 - 08 հունիսի, 2022

«Ալ Քաիդա»-ն սպառնում Է ահաբեկչություններ կազմակերպել Հնդկաստանում |armenpress.am|

armenpress.am: «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումն սպառնացել է Հնդկաստանում ահաբեկչություններ կազմակերպել կառավարող կուսակցության նախկին ներկայացուցչի՝ Մուհամմեդ մարգարեի մասին արտահայտություններից հետո:

Խմբավորումն սպառնացել է մահապարտների մասնակցությամբ ահաբեկչություններ կազմակերպել Դելիում, Մումբայում, ինչպես նաեւ Ութար-Փրադեշում եւ Հուջարաթում»,-հաղորդում է Zee News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ահաբեկիչների հայտարարությունը: Հնդկաստանում կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտի» կուսակցության նախկին ներկայացուցիչ Նիփուր Շարման իսլամի եւ Մուհամմեդ մարգարեի մասին մի շարք արտահայտություններ է թույլ տվել անցած շաբաթ ազգային հեռուստատեսությամբ կազմակերպված բանավեճերի ժամանակ:

Նրա արտահայտությունները դիվանագիտական սկանդալ են առաջացրել մի շարք մուսուլմանական պետությունների հետ, ներառյալ Իրանը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄէ-ն, որոնք դատապարտել են հակամուսուլմանական արտահայտությունները, իսկ մի շարք երկրներ կանչել են Հնդկաստանի դեսպաններին եւ նրանց բողոք հայտնել: Իրենց հերթին Հնդկաստանի կառավարությունը եւ «Բհարաթիա ջանաթա պարտի»-ն զերծ են մնացել հայտարարություններից, իսկ Շարման ազատվել է պաշտոնից ու զրկվել կուսակցության անդամակցությունից:

Նախօրյակին Դելիի ոստիկանությունը պահպանության տակ է վերցրել Շարմային ու նրա ընտանիքին՝ Մուհամմեդ մարգարեի մասին արտահայտություններից հետո նրա հասցեին հնչեցված սպառնալիքների պատճառով: Ոստիկանությունը նաեւ երեք քրեական գործ է հարուցել այն սպառնալիքների կապակցությամբ, որոնք ստացել է Շարման: Իր հերթին Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգի ոստիկանությունը քրեական գործ է բացել արդեն Շարմայի նկատմամբ եւ նրան հունիսի 22-ին քննիչի մոտ կանչել ցուցմունքներ տալու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել