ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը. Տիգրան Աբրհամյան |news.am|
10:42 - 10 հունիսի, 2022

ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը. Տիգրան Աբրհամյան |news.am|

news.am: Երբ Ադրբեջանը 2021-ին մայիսին եւ նոյեմբերին ներխուժում էր Հայաստանի ինքնիշխան տարածք Գեղարքունիքի եւ Սյունիքի ուղղությամբ, ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ դիմել են ՀԱՊԿ իշխանություններին. առ այսօր մնում է անհայտ, թե արդյոք ՀՀ իշխանությունները պատշաճ ընթացակարգով դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք ՀՀ դիմումը ՀԱՊԿ-ի տարբեր օղակներում քննարկման առարկա է դարձել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, սա կարեւոր է, որովհետեւ Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ է եւ ՀՀ տարածքը 2021-ին 2 անգամ ադրբեջանական ագրեսիայի է ենթարկվել: Առ այս պահը ժողովուրդը չունի պատասխան, թե արդյոք ՀԱՊԿ-ն ստացել է Հայաստանի պատշաճ գրությունը եւ արդյոք դա քննարկման առարկա է դարձել. «Երկրորդը, հաշվի առնելով, որ այսօր Երեւանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, կա եւս մեկ կարեւոր հարց. ՀԱՊԿ-ում բազմիցս քննարկվել է, որ անդամ երկրների դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերում եւ միմյանց վերաբերող հարցերոմ պետք է լինեն ներդաշնակ: 44-օրյա պատերազմից հետո ՀԱՊԿ որոշ անդամ երկրներ դիրքորոշումներ են արտահայտել, որոնք որեւէ ձեւով չի տեղավորվում դաշնակից պետությունների դիրքորոշումների հետ: Նման հայտարարությունները, որոնք տրորում են հայկական շահը չպետք է տեղ գտնեն ՀԱՊԿ ձեւաչափում: Այսպիսի հարցերը պետք է դառնան այսպիսի միջոցառումների քննարկման առարկա:

Այս իշխանությունը մինչեւ հիմա պատասխան չի տվել, թե ինչպիսին է տեսնում Հայաստանի շահերի ընդգրկումը այս կազմակերպությունում եւ ինչպես պետք է շարժվի Հայաստանը: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն Հարավային Կովկասում որպես ռազմաքաղաքական դաշինքը ՀՀ-ի համար այլընտրանք չունի: Այլ բան է, որ պետք է հասկանանք, թե ինչպես պետք է արդյունավետ դարձնել ՀԱՊԿ մեխանիզմները»,-ասաց պատգմավորը:

Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին. «Պատկերացրեք մի իրավիճակ, որ Հայաստանը հնարավորություն ուներ ՀԱՊԿ-ի միջամտության եւ ՀՀ սահմաններին նրանց ներկայության պայմաններում մեր մարտունակ կորպուսները ուղղել գլխավոր ճակատ: Մենք ունեինք զորամիավորումներ, որոնք Հայաստանի սահմանների տարբեր ուղղություններով տեղակայված էին, որտեղ մարտական ուղղություններ չէին ընթանում, սակայն իրենց ամբողջ ներուժը կիրառելու հնարավորություն չունեին: Եթե այդ զորամիավորումներն ուղղեին Արցախ, մենք չէինք ունենա այն իրավիճակը, ինչ ունենք այսօր Արցախում: Իհարկե, ՀԱՊԿ-ի հետ կապված ասելիքն ու անելիքները շատ են, բայց հասկանալի է, որ այս իշխանության օրոք Հայաստանի շհը չի կարող ներկայացված լինել: Մենք մեր դաշնակիցների հետ կարող էինք արդյունավետ աշխատել միայն մեկ դեպքում, եթե Հայաստանը լինի առանց Նիկոլի»,-ամփոփեց Տիգրան Աբրահամյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել