Իրանը հայտնել է, որ Հունաստանը երկրին կվերադարձնի ձերբակալված լցանավի նավթը
17:33 - 14 հունիսի, 2022

Իրանը հայտնել է, որ Հունաստանը երկրին կվերադարձնի ձերբակալված լցանավի նավթը

Հունաստանը որոշել է ազատ արձակել իրանական նավթով բեռնված լցանավը, բեռը կվերադարձվի սեփականատիրոջը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Իրանի  նավահանգիստների և նավարկության կազմակերպության հայտարարությունը։ Ավելի վաղ հունական դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն՝ լցանավի նավթը կարող էր փոխանցվել ԱՄՆ-ին, սակայն, Reuters-ի տվյալներով, այդ որոշումը չեղարկվել էր։

«Հունաստանի կառավարությունը համապատասխան հրահանգ է տվել, և ներկա պահին իրականացվում է նավն ազատ արձակելու և բեռը սեփականատիրոջը վերադարձնելու ընթացակարգ», - ասված է իրանական գերատեսչության հաղորդագրությունում։

Ռուսական դրոշի ներքո նավարկող Pegas լցանավը ձերբակալվել էր հունական Կարիստոս քաղաքի նավամատույցում ապրիլի 19-ին։ Ձերբակալման մասին որոշումն ընդունվել էր ԵՄ սահմանած պատժամիջոցների շրջանակում, որոնց համաձայն՝ արգելվում է ռուսական նավերի մուքտը եվրոպական նավահանգիստներ։ Մայիսին, հունական լրատվամիջոցների տվյալնլերով, ԱՄՆ-ն Հունաստանի դատական մարմիններին հարցում էր ուղարկել՝ պահանջելով կալանք դնել ռուսական լցանավի նավթի վրա։ Վաշինգտոնը պնդում է, որ այդ նավթն Իրանից է, իսկ ընկերությունը, «որը շահույթ կստանա դրա վաճառքից», ԱՄՆ սև ցուցակում է՝ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների պատճառով։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել