Պատգամավոր Լիլիթ Մինասյանը ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական ֆորումում բարձրաձայնել է Սբ Ղազանչեցոցի կրկնակի ռմբակոծության փաստը
18:14 - 14 հունիսի, 2022

Պատգամավոր Լիլիթ Մինասյանը ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական ֆորումում բարձրաձայնել է Սբ Ղազանչեցոցի կրկնակի ռմբակոծության փաստը

2020 թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծության, դրա հետեւանքով եկեղեցու սրբապատկերների, ինչպես նաեւ եկեղեցու տարածքում գտնվող արձանների ու խաչքարերի ավերման փաստը Սանկտ Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ֆորումի ընթացքում բարձրաձայնել է ՀՀ պատվիրակության անդամ, ֆորումի զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ հրավիրելով ԱՊՀ գործընկերների ուշադրությունը: Այս մասին հայտնում է ԱԺ-ն։

«Պատգամավորը շեշտել է, որ ծայրահեղ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխումը, որի միակ նպատակը հուշարձանի հայկական լինելու փաստի կոծկումն է:

Լիլիթ Մինասյանն անդրադարձ է կատարել ադրբեջանցիների կողմից Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) զանգակատունն ու գմբեթը հանցավոր դիտավորությամբ պայթեցնելուն, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված հայերի պատվին կանգնեցված հուշարձանները ոչնչացնելուն:

Նա շեշտել է, որ երկխոսության միջոցով փոխադարձ ատելության, ագրեսիայի, անհանդուրժողականության մթնոլորտի բացառումը պետք է դառնա այսօրվա երիտասարդության եւ ապագա սերունդների գլխավոր առաքելությունը:

Նշենք, որ հունիսի 9-10-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվում էր ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ֆորումը: Միջոցառումը կրում էր «Երիտասարդ խորհրդարանականներ՝ հայացք դեպի Համագործակցության ապագանե խորագիրը:

Ֆորումին, որը նվիրված էր Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակին եւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի 10-ամյակին, Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել են պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Արեն Մկրտչյանը, Էմմա Պալյանը եւ Ազգային ժողովի աշխատակազմի երիտասարդ ներկայացուցիչներ:

Պատվիրակությունը մասնակցել է հետեւյալ թեմաներով կլոր-սեղան քննարկումներին. «Օրենսդրական գործունեության փաստացի ուղղություններն ու երիտասարդների իրավունքների ու շահերի ապահովումը», «Երիտասարդական հանրային դիվանագիտություն. միջտարածաշրջանային համագործակցություն եւ ԱՊՀ երկրների ընդհանուր շահեր», «Երիտասարդությունը եւ ռուսաց լեզուն. ԱՊՀ-ում ազգամիջյան հաղորդակցության լեզվի պահպանման եւ զարգացման մեթոդներ»:

Խորհրդարանականները Տավրիդյան պալատում մասնակցել են ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստին:

Նիստի օրակարգում գլխավոր թեման ԱՊՀ երկրներում երիտասարդության դերն էր մշակութային ժառանգության պահպանման եւ ժողովրդական արվեստի զարգացման գործում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել