Ռուսաստանը «հատուկ գործողությունում» վերջակետ կդնի այնտեղ, որտեղ իրեն է պետք․ ՌԴ ԱԳՆ
16:04 - 15 հունիսի, 2022

Ռուսաստանը «հատուկ գործողությունում» վերջակետ կդնի այնտեղ, որտեղ իրեն է պետք․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ուզում բանակցություններ վարել, դա նրա իրավունքն է։ Ռյաբկովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել երկխոսությունն Ուկրաինայի հետ։ Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը վերջակետ կդնի «հատուկ գործողությունում այնտեղ, որտեղ իրեն է պետք», հայտնում է «Կոմերսանտը»։

«Մեր արձագանքն այն է, որ այդ պլանները (Ռուսաստանին պարտության մատենու Ուկրաինայի պլանները) խաթարվելու են, դրանք ձախողվելու են, մենք վերջակետ ենք դնելու այնտեղ, որտեղ մեզ է պետք»,- ասել է Ռյաբկովը «Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում։

Նա նշել է, որ Ռուսաստանը պետք է ապացուցի «կամքի ուժով, զենքի ուժով, այն դիքերը անհողդողդ պաշտպանելու մեր պատրաստակամությունը, որոնք նախանշվել են մեր ղեկավարության կողմից»։ Քաղաքական և դիվանագիտական մեթոդներ պետք են, դրանք չի կարելի մի կողմ թողնել, սակայն նպատակները հստակ որոշված են, հավելել է Ռյաբկովը։

«Եթե Զելենսկին ու նրա թիմը պատրաստ չեն բանակցություններին, և բոլոր նրանք, ովքեր կանգնած են նրա հետևում, մտադիր են շարունակել Ուկրաինային զենք մատակարարելու անմիտ, ավելի ճիշտ՝ անխոհեմ քայլերը, դա նրանց ընտրություն է։ Դա տխուր է, ողբերգական, սակայն մենք չենք կարող նահանջել», - ասել է նա։

Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները կայացել են մարտի 29-ին Ստամբուլում։

Հունիսի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկացած պահի պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միջնորդների ներկայությամբ կամ առանց նրանց, եթե Մոսկվան նույնպես պատրաստ է երկխոսության և Ուկրաինայից իր զորքերի դուրսբերման։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել