Պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին. Հակոբ Արշակյան
10:19 - 16 հունիսի, 2022

Պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` արձագանքելով մամուլում շրջանառվող, իր անվան հետ կապված որոշ լուրերի:

«Վերջին երկու օրում մամուլում իմ անվան հետ կապված, միանգամից երկու նյութեր հայտնվեցին. մեկն այն մասին էր, թե որտեղից մինչև իմ` 2018 պետական պաշտոնի` Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ նշանակվելը, իմ կողմից հայտարարագրած դրամական միջոցները։

Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, սկսած 2010 թվականից` աշխատել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկում, իսկ 2014 թվականից ղեկավարել եմ նույն ընկերության տարածաշրջանային գործընկերների ծրագիրը, որն ընդգրկում էր Հնդկաստան, ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա տարածաշրջանը, և ստացել եմ համապատասխան վարձատրություն, որը շատ ավելին էր, քան իմ այժմյան աշխատավարձն է։ Ահա թե որտեղից իմ հայտարարագրած դրամական միջոցները։

Ինքնին հասկանալի է, որ նյութը գրողների մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչպես են մարդիկ առանց պետական պաշտոն զբաղեցնելու կարողանում գումար աշխատել, չէ որ նախկինում միջոցները անշարժ գույքը հայտնվում էին պաշտոնին զուգընթաց։ Այս մասով արդեն իսկ գործարկված է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, և պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին։

Երկրորդ նյութն այն մասին էր, թե իբրև ինձ սպասարկող մեքենան «ճռիկներ» է անում Ազատության հրապարակում։ Այս մասով ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ երեկ մասնակցել եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների հանդիսավոր արարողությանը, և Ազատության հրապարակի` տեսանյութում երևացող հատվածը տվյալ ժամանակահատվածում նախատեսված է եղել մեքենաների կայանման համար, որտեղ և կայանվել է նաև ինձ սպասարկող մեքենան։

Բոլորիդ լավ տրամադրություն և հրաշալի աշխատանքային օր եմ մաղթում»,- գրել է նա։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել