Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետնախարարին և ՄԻՊ-ին
09:29 - 24 հունիսի, 2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետնախարարին և ՄԻՊ-ին

Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանին և ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղոկատվական համակարգից:

Նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետնախարարը քննարկել են ներկա պայմաններում արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը. «Այս առումով կարևորվել է համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի»

Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին, Արցախ-Սփյուռք կապերին։

«Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերել Արցախի իշխանություններին եկեղեցու նկատմամաբ դրսևորած հոգատար վերաբերմունքի համար։

Հանդիպման ավարտին պրն. Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի՝ Արցախին բերած զորակցության համար»,- նշված է պաշտոնական հայտարարութունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել