Իրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի. Յաիր Լապիդ
 |news.am|
10:19 - 06 հուլիսի, 2022

Իրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի. Յաիր Լապիդ |news.am|

news.am: Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Յաիր Լապիդը նախազգուշացրել է, որ Իրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի Մերձավոր Արեւելքում, ինչը «կսպառնա խաղաղությանն ամբողջ աշխարհում»,- գրել է Bloomberg-ը։

Լապիդը հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից առաջ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան եւ Իսրայելը ընդհանուր առմամբ համաձայն են Իրանի հանդեպ նոր մոտեցման հարցում։ «Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ համաձայնագրի բովանդակության առիթով, բայց տարակարծիք չենք փաստերի վերաբերյալ»,- ասել է նա Ելիսեյան պալատում արած հայտարարությունում՝ նկատի ունենալով 2015թ. համաձայնագիրը, որը սահմանափակում էր Իրանի միջուկային գործունեությունը պատժամիջոցների թուլացման դիմաց։ «Փաստերն այնպիսին են, որ Իրանը խախտում է համաձայնագիրը եւ շարունակում զարգացնել իր միջուկային ծրագիրը»։

Ռազմավարական երկիմաստության իր քաղաքականության համաձայն՝ Իսրայելը չի հավաստում եւ չի ժխտում ատոմային զենքի ստեղծման ծրագրերի առկայությունը, բայց լայնորեն տարածված է այն կարծիքը, որ միակ միջուկային պետությունն է Մերձավոր Արեւելքում։ Նրա սեփական չհայտարարված ծրագիրը մշակվել է մեկ տասնամյակ առաջ, եւ նա փոքրաթիվ երկրներից մեկն է, որոնք երբեք չեն ստորագրել Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, որի նպատակն է ատոմային զենքի տարածման կանխումը։

Իրանը ստորագրել է այն եւ հայտարարում է, որ իր միջուկային աշխատանքը նախատեսված է քաղաքացիական նպատակներով օգտագործման համար։

Լապիդը մեղադրել է Իրանին անօդաչուների ստեղծման մեջ եւ ասել, որ Իսրայելը «ձեռքերը ծալած չի նստելու» «Հիզբալլահի» գրոհների հետ կապված։

Մակրոնը Իրանին քննադատել է Կատարում միջուկային բանակցությունների վերջին փուլում առաջընթացի բացակայության համար՝ ասելով, որ դեռեւս հույս ունի, որ գործարք կկնքվի։ «Ուստի, մենք պետք է պաշտպանենք այս համաձայնագիրը, հաշվի առնենք տարածաշրջանում մեր բարեկամների, առաջին հերթին՝ Իսրայելի անվտանգության շահերը, եւ այն լրացնենք բալիստիկ հրթիռների վերաբերյալ էլ ավելի ակտիվ բանակցություններով եւ տարածաշրջանային գործողություններով»,- ասել է նա։ «Ես միայն կարող եմ ափսոսալ, որ Իրանը հրաժարվում է լավ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել