Կառավարության շենքի մոտ ավարտվեց ընդդիմության ակցիան
 |pastinfo.am|
12:19 - 19 հուլիսի, 2022

Կառավարության շենքի մոտ ավարտվեց ընդդիմության ակցիան |pastinfo.am|

pastinfo.am: Ընդդիմության ակցիային միացած քաղաքացիները Կառավարության շենքի մոտ, «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Նիկոլ մահաբեր» վանկարկումներով, գլխավերևներում պարզած, իրենց խոսքով, քաղբանտարկյալների լուսանկարները, Նիկոլ Փաշինյանից պահանջում են անհապաղ ազատ արձակել նրանց։

«Կառավարության շենքում՝ վարչապետի սենյակում նստած մարդն իր վարքով թունավորել է նաև իրեն ուղեկցողներին, որոնք երիտասարդ հղի կնոջը վրաերթի ենթարկելուց հետո, առանց աչքը թարթելու, անցան գնացին։ Արմեն Գրիգորյանը հայտնի հասարակական գործիչ է, շատերը ցնցվեցին նրա մահով, բայց ամեն մեկդ մտաբերեք, թե պատերազմի հետևանքով, հայրենազրկման հետևանքով, հարյուրավոր հայկական գյուղեր թուրքին հանձնելուց հետո օրական մեր քանի հայրենակցի սիրտ է կանգնում, քանի զավակ կորցրած ծնող է մահանում։ Այդ բոլորի մեղավորը այս շենքում նստած մարդն է, որը 4 տարի շարունակ մեր երկրին բերեց մահ»,- Կառավարության շենքի դիմաց հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանի ելույթից հետո ակցիայի մասնակիցները միաձայն վանկարկեցին՝ առանց Նիկոլ Հայաստան, որից հետո հեռացան Կառավարության շենքի մոտից։

Հիշեցնենք, որ նախքան Կառավարության շենքի մոտ գալը, բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել նաև ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ՝ պահանջելով երկակի ստանդարտներ չկիրառել և աչք չփակել քաղաքական հայացքների համար իշխանության կողմից կիրառվող բռնաճշումների վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել