Արցախի պետական նախարարը Վեստբրուկ քաղաքի խորհրդի նախագահի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
15:27 - 20 հուլիսի, 2022

Արցախի պետական նախարարը Վեստբրուկ քաղաքի խորհրդի նախագահի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ընդունել է ամերիկահայ բարերար, ԱՄՆ Վեստբրուկ քաղաքի խորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին:

Այս մասին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանը կարևորել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի գործունեությունը Արցախում, որի շնորհիվ պատերազմից հետո բազմաթիվ հումանիտար խնդիրներ են լուծվել:

«Ձեր հայրենանվեր աշխատանքն արտահայտվում է առաջնահերթորեն «Սեր Արցախ» բարեգործական ծրագրի միջոցով Արցախի նորածիններին և նրանց մայրերին ցուցաբերվող աջակցությամբ, քանի որ մեր նորածինները կյանքի շարունակականության գլխավոր գրավականն են ու ապագայի հանդեպ ունեցած հավատը: Վստահ եմ, որ ծրագիրը դրական ազդեցություն է թողնելու Արցախի զարգացման հետագա ընթացքի վրա»,- ասել է պետական նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղություններն ու աղբյուրները, նշել, որ միջոցները հավաքագրվում են հիմնականում հանրային դրամահավաքների միջոցով: Նա հավաստիացրել է, որ շարունակելու է իր նպաստը բերել արցախցիների կյանքի որակի բարելավմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում հնարավոր այլ ծրագրերի իրագործման հետ կապված մի շարք հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել