Ավետիք Չալաբյանը պնդում է՝ քաղաքական ճշման պատճառով իր եղբայրը հեռացվել է Կենտրոնական բանկից
 |azatutyun.am|
16:22 - 29 հուլիսի, 2022

Ավետիք Չալաբյանը պնդում է՝ քաղաքական ճշման պատճառով իր եղբայրը հեռացվել է Կենտրոնական բանկից |azatutyun.am|

azatutyun.am: Ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն այսօր մինչ իր գործով դատական նիստի մեկնարկը հայտարարեց, որ քաղաքական ճնշման պատճառով իր եղբայրը հեռացվել է Կենտրոնական բանկից:

Արա Չալաբյանը երեկ գրել էր Ֆեյսբուքում, որ այլևս չի աշխատում՝ առանց հստակեցնելու՝ ինքը սեփակա՞ն դիմումի համաձայն է դուրս եկել, թե՞ հեռացվել է: Նա 2020 թվականից գլխավոր դրամատան Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն էր, մինչ այդ էլ տարբեր պաշտոններ է զբաղեցրել կառույցում: Ավետիք Չալաբյանն էլ այսօր չպարզաբանեց՝ եղբայրը հեռացվե՞լ է աշխատանքից, թե՝ ոչ, բայց հայտարարեց՝ իր գործունեության պատճառով է:

«Իրենից պահանջել են, որ ինքը դիմում գրի: Եվ երբ այս քրեական գործի պիկը կանցնի, մենք կանդրադառնանք դրան, որովհետև այդ պահանջը եղել է բացարձակ ապօրինի, որևէ հիմք չկա իմ եղբորն աշխատանքից հեռացնելու համար: Նա միջազգային մակարդակով հեղինակավոր մասնագետ է, իրականացնում է Համաշխարհային բանկի համար տեխնիկական աջակցության հսկայական ծրագրեր այլ երկրներում, որևէ բիծ չկա այդ մարդու կենսագրության վրա», - ասաց Չալաբյանը:

Կենտրոնական բանկից այսօր ևս չհայտնեցին՝ պատճառաբանելով, թե չունեն Չալաբյանի համաձայնությունը։ Կառույցը չի մեկնաբանում Ավետիք Չալաբյանի հայտարարությունը, թե եղբայրը քաղաքական ճնշումների պատճառով է կորցրել աշխատանքը։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ եղբայրը քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։

«Կենտրոնական բանկի բարձրաստիճան աշխատակից լինելով, նա մշտապես պահպանել է բացարձակ քաղաքական չեզոքություն: Նա իմ հասարակական կամ քաղաքական գործունեության հետ ոչ մի անմիջական կապ չունի, նրա միակ կապը արյունակցական կապն է: Այսինքն՝ նրա նկատմամբ ճնշումը ապօրինության գագաթնակետն է», - նշեց ընդդիմադիր հասարակական գործիչը:

Ուսանողներին փողով ընդդիմադիրների ցույցերին տանելու փորձի համար մեղադրվող Ավետիք Չալաբյանը պնդում է՝ իշխանությունները քաղաքական հետապնդման են ենթարկում իրեն ու ընտանիքի անդամներին: Կասկած չունի՝ անձամբ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով: Կառավարությունից էլ այս հայտարարություններին օրեր շարունակ չեն արձագանքում։

«Ես կուզենային հանուն արդարության ասել, որ կալանավայրում իմ նկատմամբ որևէ ճնշում չի եղել, ճնշումներ եղել են դրանից դուրս՝ փորձելով ստեղծել տպավորություն, որ ես իսկապես հանցանք եմ կատարել, ընտանիքիս նկատմամբ ճնշումներով, որի մասին ես արդեն ասացի», - ընդգծեց նա:

Չալաբյանը շուրջ երկուսուկես ամսյա կալանքից նախօրեին էր ազատվել: Դատարանն առաջին նիստում չէր հասցրել քննել այդ հարցն ու դատախազությունն էլ նոր միջնորդություն չէր ներկայացնել:

Մինչ դատական նիստի մեկնարկը Չալաբյանի փաստաբանը հայտարարությամբ հանդես եկավ: Վարազդատ Հարությունյանն ասաց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, նոր է հետազոտվել: Պաշտպանական կողմը խնդրեց դատական նիստը 1 շաբաթով հետաձգել: Դատախազը չառարկեց միջնորդությունը: Դատարանը որոշեց հետաձգել նիստը, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը չբավարարեց պաշտպանական կողմի խնդրանքը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով երկուշաբթի օրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել