Բուհերի ընդունելության քննություններին 14 հազար տեղ թափուր է մնացել. ինչ լուծումներ է առաջարկում ԿԳՄՍՆ-ն

 |armenpress.am|
16:15 - 03 օգոստոսի, 2022

Բուհերի ընդունելության քննություններին 14 հազար տեղ թափուր է մնացել. ինչ լուծումներ է առաջարկում ԿԳՄՍՆ-ն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է այս տարվա բուհական ընդունելության արդյունքները: Այս տարվա հայտագրված դիմորդների թիվը կազմել է 13 հազար 887, միասնական քննություններին մասնակցել է 11 հազար 587-ը: Միասնական քննությունների առաջին և երկրորդ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել 9 հազար 729 դիմորդ: Այս տարվա ընդունելության գործընթացն առանձնանում է մեծաքանակ թվով թափուր տեղերով, որոնք թե հիմնական, թե լրացուցիչ փուլերով այդպես էլ չհամալրվեցին: Անվճար 1900 տեղից համալրվել է 1670-ը: Ընդհանուր թափուր է մնացել 14 հազար 158-ը, որից 13 հազար 900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար: ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ ընդհանուր 22 հազար տեղերի հատկացումը պայմանավորած է ՀՀ-ում գործող լիցենզավորման տեղերի քանակով: Դա նշանակում է, որ բուհերը, ըստ լիցենզավորման տեղերի, պատրաստ էին ծառայություններ մատուցելու 22 հազար դիմորդի:

«Այս տարի կիրառվել է մեկ մասնագիտություն մեկ բուհ սկզբունքը, ինչ նշանակում է, որ դիմորդը հիմնական առաջին փուլում հայտագրում էր մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը և արդեն լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում հիմնական փուլի մրցույթը չհաղթահարած դիմորդներին դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը դրական միավորներ ստանալու դեպքում: Ինչպես տեսնում եք, որ նույնիսկ անվճար տեղերի պարագայում կան ուղղություններ, որոնթ թափուր են մնացել:  Ասեմ, որ թափուր մնացած տեղերը հիմնականում ոչ պետական բուհերում են: Ոչ պետական բուհերի համար հատկացված է եղել 7500 տեղ, որից համալրվել է 131-ը»,-ասաց Լուսինե Գրիգորյանը:

Այս տարի դիմորդների շրջանում պահանջված ուղղությունները եղել են՝ կիրառական մաթեմատիկա, իրավագիտություն, բուժական գործ, ստոմատալոգիա, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում: Նախորդ տարվա համեմատ այս մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել:  Թափուր մնացած ուղղություններն են՝ քիմիա, աշխարհագրություն, երկրաբանություն, սուրդոմանկավարժություն, մշակութաբանություն, գրադարանային տեղեկատվական աղբյուր, մեքենասարքավորումների ճարտարագիտություն, տրանսպորտային և լոգիստիկ համակարգ, պարենամթերքի տեխոնոլգիա, ագրոէկոլոգիա, անասնաբուժություն և այլն:  

Վերլուծությունները ցույց են տալիս, որ թափուր մնացած մասնագիտությունները մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում, սակայն պակաս գրավիչ են դիմորդների համար: Որո՞նք են նման մասնագիտությունների չպահանջված լինելը: Լուսինե Գրիգորյանի խոսքով, առանձնահատուկ ուսումնասիրություն չի արվել, սակայն կփորձենք այլ գերատեսչությունների հետ վերլուծթյուններ կատարել, վերհանել պատճառները:

«Կարծում եմ, որ դրանք գալիս են հանրակրթության դպրոցից, հասարակության իրազեկվածության պակասից: Հասարակության շրջանում լայն իրազեկվածություն չկա կրթական համակարգի մասին: Այստեղ մեծ աշխատանք ունեն անելու բուհերը, գործատուները: Պետք է ցանկացած միջոց ձեռնարկեն կրթական ծառայությունների, աշխատանքային պայմանների, զարգացման միտումների մասին ներկայացնելու համար: Այս գործընթացը պետք է նաև համակարգային ուղղվածության վրա դրվի: Նախատեսվում է դպրոցներում ստեղծել կարիերայի կենտրոններ, ամրապնդել դպրոց-բուհ կապեր: Բավարար ինֆորմացիա չկա նաև թափուր աշխատատեղերի, դրանց պահանջարկի առումով»,-ասաց Լուսինե Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ գործատուներն աշխատանք ունեն նաև անելու աշխատանքային պայմանները բարելավելու տեսանկյունից, որպեսզի աշխատատեղերը գրավիչ լինեն մասնագետների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել