Իսրայելն ու «Իսլամական ջիհադը» հայտարարել են հրադադարի մասին
 |hetq.am|
13:59 - 08 օգոստոսի, 2022

Իսրայելն ու «Իսլամական ջիհադը» հայտարարել են հրադադարի մասին |hetq.am|

hetq.am: «Իսլամական ջիհադ» խմբավորման գրոհայինները կիրակի երեկոյան հայտարարել են, որ համաձայն են հրադադարին, որը ձեռք է բերվել Իսրայելի հետ Եգիպտոսի միջնորդությամբ։ Այն վերջ է դրել Իսրայելի հետ եռօրյա բախումներին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ։

Իսրայելի իշխանությունները ևս հաստատել են, որ հրադադարը համաձայնեցվել է, սակայն ընդգծել, որ պատրաստ են ուժի դիմել, եթե հրադադարի ռեժիմը խախտվի։ Այն ուժի մեջ է մտել տեղի ժամանակով 23:30-ին (Երևանի ժամանակով՝ 00:30-ին)։ Ավելի վաղ, հայտարարվել էր, որ հրադադարն ուժի մեջ կմտնի տեղի ժամանակով 20:00-ից։

«Համաձայնեցվել է հրադադարի վերաբերյալ եգիպտական միջնորդության համաձայնագրի ձևակերպումը, որը պարունակում է Եգիպտոսի պարտավորությունը երկու բանտարկյալների՝ (Բասեմ) ալ-Սաադիի և (Խալիլ) Ավավդեհի ազատ արձակման ուղղությամբ»,- նշվում է «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչ Մոհամադ ալ-Խինդիի հայտարարության մեջ։ 

«Իսլամական ջիհադի» քաղաքական թևի բարձրաստիճան անդամ Բասեմ ալ-Սաադին վերջերս ձերբակալվել էր Իսրայելի կողմից բռնազավթված Արևմտյան ափին։ Ավավդեհը, որը խմբավորման գրոհայիններից է, ևս գտնվում է Իսրայելում բանտարկության մեջ։ 

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը, իր հերթին, հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելը հասել է ռազմագործողության նպատակներին և շարունակելու իմաստ չկա։ 

Գազայի հատվածում ներկայիս սրումն ամենալուրջն է 2022 թվականի մայիսի վերջից ի վեր։ Այդ ժամանակ փոխադարձ հրթիռակոծումը տևել էր 11 օր։ Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, որ Գազայում գործողությունը, որն ստացել էր «Արևածագ» անվանումը, կարող է ձգվել ևս մեկ շաբաթ։ «Մենք խոցել ենք տասնյակ ռազմական թիրախներ, որոնք «Իսլամական ջիհադը» կիրառել է հրթիռների արտադրության և արձակման համար։ Զինվորականները, որոնք աշխատում են «Երկաթե գմբեթի» վրա, որոնց հետ ես այսօր գտնվում եմ այստեղ, կշարունակեն պաշտպանել հայրենիքը՝ աչք չթեքելով թիրախներից»,- ասել է Գանցը։

Իսրայելի պաշտպանության բանակը նախօրեին հայտարարել էր, որ 26 թիրախների խոցման համար կիրառվել է մոտ 16 տոննա հրթիռ և ավիառումբ։

Հակամարտության նոր սրումը սկսվել էր ուրբաթ՝ օգոստոսի 5-ին, երբ Գազայում սպանվել էր «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան գրոհայիններից մեկը։ Շաբաթ օրը Իսրայելն սպանել էր նաև այդ կազմակերպության մեկ այլ առաջնորդի։ Պաղեստինցիները հայտարարում են, որ Իսրայելի հարվածների հետևանքով կյանքից հեռացել է 43 մարդ, այդ թվում 15 երեխա։ Տուժել է ավելի քան 300 մարդ։ Ի պատասխան Իսրայելի ուղղությամբ Գազայի կողմից արձակվել է մոտ 400 հրթիռ։ Իսրայելի փոխանցմամբ՝ դրանց մեծ մասը խոցվել են։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել