Անհետ կորած համարվողներից մեկի մասով զանգ ենք ստացել, որ նա երկրում չէ. ԱԻ նախարար

 |armenpress.am|
10:42 - 16 օգոստոսի, 2022

Անհետ կորած համարվողներից մեկի մասով զանգ ենք ստացել, որ նա երկրում չէ. ԱԻ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մանրամասներ ներկայացրեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների վերաբերյալ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Փամբուխչյանը նշեց, որ փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են: «Ներկա պահին կա 16 զոհ, 17 մարդ  անհետ կորած է համարվում: Անհետ կորածների թիվը 18 էր, սակայն 1 անհետ կորածի մասով մենք ստացել ենք զանգ, որ տվյալ քաղաքացին երկրում չէ, այսինքն՝ ողջ է և ընդհանրապես այստեղ չի եղել»,- ասաց նախարարը:

Նա մանրամասնեց, որ հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ չկա հրդեհ, կատարվում է միայն հովացման աշխատանք: «Կարող եմ ասել, որ մենք ամբողջ ծավալով իրականացնում ենք միայն որոնողափրկարարական աշխատանքներ»,- նշեց Արմեն Փամբուխչյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծեց, որ ծանր տեխնիկա միանգամից չեն կարող օգտագործել, քանի դեռ կա հավանականություն, որ կարող են քաղաքացու հայտնաբերել: «Հնարավորինս բացազատում ենք տարածքը, այնուհետև մեր փրկարարները տվյալ հատվածում դիտարկում են իրականացնում, դրանից հետո միայն ծանր տեխնիկա օգտագործվում է»,- ընդգծեց նա:

Նախարարը նշեց, որ այս պահին հաստատված է զոհերից միայն 6-ի ինքնությունը. 10 զոհի ինքնությունը դեռևս չի պարզվել: Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, երբ հաջողվի նույնականացնել բոլոր զոհերին, անհետ կորածների թիվն էլ կնվազի:

Փամբուխչյանն անդրադարձավ նաև մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տարատեսակ լուրերին փլատակներից ողջ քաղաքացիների հայտնաբերելու վերաբերյալ: «Ես խնդրում եմ քաղաքացիներին հետևել միայն պաշտոնական լուրերին, քանի որ անհեթեթ սպասումներ են տալիս հարազատներին, ինչն ընդհանրապես չի օգնում մեր աշխատանքներին: Ես խնդրում և հորդորում եմ բոլորին զերծ մնալ նման լուրեր տարածելուց: Մենք օպերատիվ կերպով աշխատում ենք լրատվամիջոցների հետ, բոլոր նորություններն առաջինը մենք ենք իմանում, որից հետո տեղեկացնում ենք լրատվամիջոցներին և հանրությանը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ հրդեհը սկսվել է հրավառ նյութերի պահեստից, սակայն դժվարացավ նշել, թե կոնկրետ շինության որ հարկում է եղել պայթյունը:

Պայթյունի տարածքում օրվա ընթացքում մինչև 150 մարդ է աշխատում: Հիմնական աշխատանքներն իրականացնում են փրկարարները, Հայկական Կարմիր խաչի և ՈՄԱ հասարակական կազմակերպության կամավորները:

Փամբուխչյանը վստահեցրեց՝ ոչ մարդկային ռեսուրսի, ոչ տեխնիկայի պակաս չկա:

Նախարարը դժվարացավ պատասխանել հարցին, թե երբ կավարտվեն որոնողափրկարարական աշխատանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել