Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունը Ադրբեջան - Հայաստան գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ. Չավուշօղլու
14:12 - 23 օգոստոսի, 2022

Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունը Ադրբեջան - Հայաստան գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ. Չավուշօղլու

«Ադրբեջանի հաղթանակից հետո» Թուրքիան քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։  

Ըստ Չավուշօղլուի՝ խոսքը թռիչքների վերաբացման ու առևտրի ոլորտում որոշակի քայլեր ձեռնարկելուն է վերաբերում։ Չավուշօղլուն միևնույն ժամանակ նշել է՝ Հայաստանի ու Թուրքիայի իրականացրած այս երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ։ 

«Հարավային Կովկասում երկարատև ​​խաղաղության կարելի է հասնել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական ​​խաղաղության համաձայնագրի միջոցով։ Ադրբեջանը առաջարկների փաթեթ ներկայացրեց, որին Հայաստանը երկար ժամանակ չպատասխանեց։ Հիմա ստեղծվել է սահմանային հարցերի հանձնաժողով․ այս աշխատանքները պետք է իրականացվեն։ Կա նաև Զանգեզուրի միջանցքի հարցը։ Սրանց մասին խոսելը Հայաստանին նյարդայնացնում է, բայց սա այն է, ինչ ստորագրվել է եռակողմ հայտարարությամբ»,- նշել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։ 

Չավուշօղլուի խոսքով՝ «Հայաստանը պետք է հասկանա ու ասի՝ արդյոք ուզում է խաղաղություն, թե ոչ»։ 

«Տպավորություն է, թե Ադրբեջանն է Հայաստանից հողեր վերցրել։ Ադրբեջանը արդեն ճանապարհ է կառուցել, խաղաղապահ ուժերն էլ այդտեղ են կանգնելու։ Այդ բնակելի վայրերից դուրս գալիս հայերը այրում ու ոչնչացնում են դրանք։ Բոլորը տեսնում են մեր անկեղծությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ, բայց Հայաստանը նույնպես պետք է իմանա և չզարմանա։ Մեր բարի մտադրությունների մեջ կասկած չկա։ Մենք խաղաղություն ենք ուզում»,- եզրափակել է Չավուշօղլուն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել