Զելենսկին ուկրաինացիներին շնորհավորել է Անկախության օրվա առիթով. մենք փոխըմբռնում չենք փնտրի ահաբեկիչների հետ
 |news.am|
13:45 - 24 օգոստոսի, 2022

Զելենսկին ուկրաինացիներին շնորհավորել է Անկախության օրվա առիթով. մենք փոխըմբռնում չենք փնտրի ահաբեկիչների հետ |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկախության օրվա առիթով դիմել է ուկրաինացիներին։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինան ամբողջական եւ անբաժանելի է, նրա քաղաքացիները փոխըմբռնում չեն փնտրի ահաբեկիչների հետ, իսկ ձեռքերը կբարձրացնեն միայն մեկ անգամ՝ տոնելով հաղթանակը նվաճողների դեմ։

«Թշնամին մտածում էր. մենք կդիմավորենք իրեն ծաղիկներով եւ շամպայնով։ Դրա փոխարեն ստացավ ծաղկեպսակներ եւ Մոլոտովի կոկտեյլներ։ Օվացիա էր սպասում, բայց «պայթյուններ» է լսում։ Օկուպանտը հավատում էր, որ մի քանի օրում շքերթով կանցնի մեր մայրաքաղաքի կենտրոնով։ Այսօր Կրեշչատիկում կարելի է տեսնել այդ «շքերթը»։ Ապացույց, որ թշնամական տեխնիկան կարող է հայտնվել Կիեւի կենտրոնում միայն այդ տեսքով։ Այրված, խարխլված եւ ոչնչացված»,- ասել է պետության ղեկավարն Անկախության օրվա առիթով արված տեսաուղերձում։

«Ի՞նչն է մեզ համար պատերազմի ավարտը։ Առաջ ասում էինք՝ խաղաղությունը։ Հիմա ասում ենք՝ հաղթանակը»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով՝ ուկրաինացիներն ահաբեկիչների հետ փոխըմբռնում չեն փնտրի։ Չնայած «հասկանում ենք ռուսերեն, որը եկել եք պաշտպանելու։ Եվ սպանել եք հազարավոր մարդկանց, որոնք եկել եք ազատագրելու»։

«Եվ մեզ համար անհամեմատ ավելի հասկանալի ու մոտ է Ջոնսոնը, որը խոսում է անգլերեն, քան մարդասպանները, բռնարարներն ու մարոդյորները, որոնք խոսում են ռուսերեն։ Եվ մենք չենք նստում բանակցությունների սեղանի շուրջ վախից, ատրճանակը քունքին դրված վիճակում։ Մեզ համար ամենաահավորը երկաթն է, ոչ թե հրթիռները, ինքնաթիռները, այլ շղթաները։ Ոչ թե խրամատները, այլ շղթաները»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով՝ «մենք ձեռքներս կբարձրացնենք միայն մեկ անգամ՝ երբ նշենք մեր հաղթանակը։ Ամբողջ Ուկրաինայով։ Որովհետեւ մենք մեր հողերը եւ մեր մարդկանց չենք վաճառում։ Մեզ համար Ուկրաինան ամբողջ Ուկրաինան է։ Բոլոր 25 շրջանները, առանց զիջումների կամ փոխզիջումների։ Մենք չգիտենք այդ բառերը, դրանք վերացվել են հրթիռներով փետրվարի 24-ին»։

Նախագահը նաեւ դիմել է ռուսաստանցիներին։ Նա պահանջել է ազատել ուկրաինական հողերը, որպեսզի դադարեցվեն զինվորների մահերը։

«Չեք ուզում, որ ձեր զինվորները մահանա՞ն։ Ազատեք մեր հողերը։ Չեք ուզում, որ ձեր մայրերը լաց լինե՞ն։ Ազատեք մեր հողերը։ Ահա այսպես պարզ եւ հասկանալի են մեր պայմանները»,- ասել է նա։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել