ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում. Յենս Ստոլտենբերգ

 |armenpress.am|
12:44 - 29 օգոստոսի, 2022

ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում. Յենս Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի իր դերն արկտիկական տարածաշրջանում՝ հաշվի առնելով այնտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի գործողությունների ակտիվացումը: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ն մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում»,-նա ասել է Welt am Sonntag գերմանական թերթին: Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանը վերջերս ակտիվացրել է իր գործունեությունը պաշարներով հարուստ այդ շրջանում՝ «վերստին բացելով խորհրդային ժամանակաշրջանի բազաները» եւ «այնտեղ տեղավորելով ու փորձարկելով նոր ժամանակակից այնպիսի զենք, ինչպիսիք գերձայնային հրթիռներն են»:

Նա նշել է, որ Չինաստանը, իրեն հայտարարելով «մերձարկտիկական պետություն», նաեւ աճող հետաքրքրություն է դրսեւորում Արկտիկայի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը նավագնացության համար էլ ավելի կարեւոր է դառնում կլիմայի փոփոխությունների պատճառով:

Անցած շաբաթ Ստոլտենբերգը Կանադա կատարած այցի ընթացքում հայտարարել է. «Պեկինը եւ Մոսկվան նաեւ պայմանավորվել են ակտիվացնել պրակտիկ գործունեությունն Արկտիկայում: Դա խորացող ռազմավարական գործընկերության մի մասն է, որ մարտահրավեր է նետում մեր արժեքներին ու մեր շահերին»:

Նա նաեւ ընդգծել է ՆԱՏՕ-ի աճող հետաքրքրությունն Արկտիկայի պաշտպանության նկատմամբ, հատկապես դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու լույսով:

Ինչպես անցած շաբաթ հաղորդել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, Միացյալ Նահանգները պլանավորում է հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոն ստեղծել արկտիկական տարածաշրջանում:

«Նախագահը պլանավորում է ավելի կարեւոր դարձնել Արկտիկայի հարցերով համակարգողի դիրքը՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան նշանակելով արկտիկական տարածաշրջանում՝ Սենատի հանձնարարականներն ու համաձայնությունն ստանալու պայմանով»,-ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն ութ արկտիկական պետություններից մեկն է Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Ռուսաստանի եւ Շվեդիայի հետ միասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել