Անհետ կորածների ընտանիքները Հայաստանում սպասում են իրենց հարազատների մասին նորությունների. ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակություն
17:35 - 30 օգոստոսի, 2022

Անհետ կորածների ընտանիքները Հայաստանում սպասում են իրենց հարազատների մասին նորությունների. ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակություն

Օգոստոսի 30-ին նշվում է Անհետ կորածների միջազգային օրը։ Oրվա շրջանակում՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը մամուլի հաղորդագրություն և տեսահոլովակ է հրապարակել ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած հայ հարազատների վկայություններով։  

«Այսօր Անհետ կորած անձանց միջազգային օրն է, որի նպատակն է իրազեկել կառավարություններին, համայնքներին, լրատվամիջոցներին և հանրությանը  զինված հակամարտության, բռնության, գաղթի ու բնական աղետների հետևանքով անհետ կորած անձանց խնդրի ու նրանց ընտանիքների վշտի ու կարիքների մասին։ Այսօր մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում անհետ կորած անձանց ընտանիքներին։

Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում 90-ականներից ի վեր և 2020 թ. սրացումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գրանցել է զինվորական և քաղաքացիական ավելի քան 4,900 անձի՝ որպես անհետ կորած։ Նրանց ընտանիքները շարունակում են ապրել անորոշության մեջ՝ հույսի և հուսալքության սահմանագծին՝ չկարողանալով հաշտվել հարազատների ճակատագրի անհայտության հետ։

«Ասում են, որ ժամանակը բուժում է վերքերը, բայց իմ վերքը երբեք չի բուժվում: Գիշերը չեմ քնում, ամեն ժամ, ամեն րոպե սպասում եմ Կարենի հետ հանդիպմանը, պատկերացնում եմ, թե ինչպես եմ փաթաթվելու, գրկելու նրան», - ասել է Գայանե Հովհաննիսյանը, որի եղբայրն անհետ կորել է 2020 թ․-ի Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով։

ԿԽՄԿ-ի տեսանկյունից՝ թե՛ անհետ կորած անձինք, և թե՛ նրանց ընտանիքները տուժած կողմ են։ Մենք շարունակում ենք համագործակցել իշխանությունների հետ՝ աջակցելու խնդրին արձագանքման նրանց կարողություններին, ինչպես նաև խրախուսելու վերջիններիս՝ որդեգրել որոնողական ջանքերին նպաստող, ընտանիքներին և նրանց հարազատների արժանապատվությունը պաշտպանող քաղաքականություններ։ ԿԽՄԿ-ն և իր Որոնման կենտրոնական գործակալությունը համակարգում են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման ջանքերն ամբողջ աշխարհում՝ ընտանիքների վերամիավորմանն աջակցելու և անհետ կորած անձանց խնդրի հետևում հաճախ անտեսված մարդկային դժբախտություններին ուշադրություն հրավիրելու նպատակով։

«Արտահայտում ենք մեր զորակցությունը անհետ կորած անձանց ընտանիքներին և միասին հիշում նրանց հարազատներին: Երբ որևէ մեկը անհետ կորում է, ընտանիքն իրավունք ունի իմանալ՝ ինչ է կատարվել նրա հետ։ Անհետ կորած անձի ճակատագիրը պարզելը նախևառաջ մարդասիրական գործողություն է, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքով ամրագրված պետության պարտավորություն։ Ժամանակն այս հարցում անզոր է բուժել, պատասխաններ են անհրաժեշտ։ Ուստի մենք հանձնառու ենք աջակցելու կողմերին այս կարևորագույն խնդրի լուծման ուղղությամբ առաջընթացի հարցում»,- ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն:

Միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնած իր հանձնագրին համահունչ՝ ԿԽՄԿ-ն իր փորձագիտական աջակցությունն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտությունից տուժած տարածաշրջանին՝ հանդես գալով որպես չեզոք միջնորդ և խրախուսելով կողմերին անելու հնարավորինն՝ անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել