ԵՄ-ն Թուրքիային կոչ է անում նվազեցնել Հունաստանի հետ լարվածությունը
 |azatutyun.am|
11:43 - 06 սեպտեմբերի, 2022

ԵՄ-ն Թուրքիային կոչ է անում նվազեցնել Հունաստանի հետ լարվածությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարության շարունակվող թշնամական հայտարարությունները Հունաստանի և հույն ժողովրդի նկատմամբ լուրջ անհանգստություն են առաջացնում Եվրամիությունում։

«Եվրամիությունը բազմիցս ընդգծել է, որ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և երկրների կենսական ու օրինական շահերի լիակատար հարգմամբ: Սպառնալիքներն ու ագրեսիվ հռետորաբանությունն անընդունելի են և պետք է դադարեցվեն», - ասվում է երկուշաբթի երեկոյան Բրյուսելում տարածված կոմյունիկեի մեջ:

Փաստաթղթում ասվում է, որ «բովանդակալից և անկեղծ երկխոսությանը մասնակցությունն անհրաժեշտ է լարվածությունը թուլացնելու, փոխըմբռնումը խթանելու և բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու համար»։

«ԵՄ-ը վերահաստատում է իր ակնկալիքները Թուրքիայից, որ նա լրջորեն կաշխատի լարվածության կայուն թուլացման ուղղությամբ՝ ի շահ Միջերկրական ծովի արևելքում տարածաշրջանային կայունության, և լիովին կհարգի ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ընդգծված է փաստաթղթում:

Ե՛վ Անկարան, և՛ Աթենքը նույն ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի մաս են կազմում։ Երկու երկրների միջև հիմնական վեճերը Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած էներգետիկ ռեսուրսներով հարուստ ծովային տարածքների պատկանելության շուրջ են։ Թուրքիային նաև մտահոգում է հունական կղզիների վերազինումը, իսկ Հունաստանն իր գործողություններն ինքնապաշտպանական է համարում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել