Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ համանախագահ  Ֆիլիպ Ռիքերին․ շեշտվել է ԱՄՆ-ի՝ որպես ՄԽ համանախագահ երկրի դերակատարությունը ԼՂ հարցում
15:26 - 09 սեպտեմբերի, 2022

Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերին․ շեշտվել է ԱՄՆ-ի՝ որպես ՄԽ համանախագահ երկրի դերակատարությունը ԼՂ հարցում

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել վերջինիս այս պատասխանատու պաշտոնում: 

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում:

Նախարար Միրզոյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ այս համատեքստում մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրության մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել