Չարլզ III-ը հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր
 |hetq.am|
14:06 - 10 սեպտեմբերի, 2022

Չարլզ III-ը հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր |hetq.am|

hetq.am: Չարլզ III-ը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր։ Գահաժառանգման խորհրդի նիստը, որը և Եղիսաբեթ II-ի ավագ որդուն հայտարարեց նոր միապետ, Լոնդոնում մեկնարկել էր տեղի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով 13:00-ին)։ 

Նախ, առանց Նորին մեծության մասնակցության, ամրոցում հավաքվել էին Գաղտնի խորհրդի անդամները, որը միապետին կից խորհրդակցական մարմին է։ 

Գահաժառանգման խորհրդի բացումից հետո Գաղտնի խորհրդի նախագահը՝ պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Փենի Մորդաունթը հայտարարեց Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին և բարձրաձայն ընթերցեց նոր միապետի հռչակման մասին հայտարարություն (պրոկլամացիա), չնայած փաստացի նա թագավոր էր դարձել այն պահին, երբ մահացել էր թագուհին։ Այն, ըստ սահմանված հերթականության, ստորագրեցին գահաժառանգ, Ուելսի արքայազն Ուիլյամը, կոնսորտ-թագուհի Քամիլան, Համայնքների պալատի ղեկավար և Խորհրդի նախագահ Փենի Մորդաունթը, վարչապետ Լիզ Թրասը և Քենթերբերիի արքեպիսկոպոսը։ 

Արարողության առաջին շարքում կանգնած էին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետները՝ Ջոն Մեյջորը, Գորդոն Բրաունը, Բորիս Ջոնսոնը, Դևիդ Քեմերոնը, Թերեզա Մեյը և Թոնի Բլեերը։ Նրանց հետ կանգնած էր նաև խորհրդարանական ընդդիմության առաջնորդ, լեյբորիստների կուսակցության ղեկավար Քիր Սթարմերը։

Լոնդոնի ժամանակով 11:00-ին (Երևանի ժամանակով՝ 14:00-ին) Սենթ Ջեյսմի ամրոցի պատշգամբից հանդիսավոր շեփորների ազդարարումից հետո ընթերցվեց հանրային հայտարարություն (պրոկլամացիա)՝ Չարլզ III-ի գահակալության մեկնարկի մասին։ Ի նշան նոր թագավորի գահակալման, թագուհու մահից հետո իջեցված դրոշները բարձրացվեցին։ Միևնույն ժամանակ Հայդ փարքում արձակվեց հրետանային 41 զարկ։

Ուղիղ մեկ ժամ անց պրոկլամացիան կընթերցվի Սիթիում, իսկ հրետանային 62 զարկ կարձակվի Թաուերից։ Այնտեղ էին գլխատվել Հենրիխ VIII թագավորի երկու կանայք։

24 ժամ անց պրոկլամացիան կընթերցվի նաև Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում։ Դրանց ընթերցումից հետո կառավարական շենքերի վրա բարձրացված դրոշները դարձյալ կիջեցվեն։

Առաջին հանդիպումից անմիջապես հետո մեկնարկեց Գահաժառանգման խորհրդի հաջորդ հանդիպումը՝ այս անգամ արդեն թագավորի և Գաղտնի խորհրդի անդամների մասնակցությամբ։ Բրիտանական միապետների կառավարման սկզբում երդման արարողակարգ չկա։ Դա նման չէ այլ պետությունների ղեկավարների պաշտոնավարման մեկնարկին, ինչպես, օրինակ, ԱՄՆ նախագահի պարագայում։ Բայց կա մի հռչակագիր, որը պարտադիր է: Ավանդույթի համաձայն, որը ծագում է XVIII դարից, Չարլզ III-ը երդում տվեց՝ պաշտպանելու Շոտլանդական եկեղեցուն: Ի դեպ, դա էր 1707 թվականին կնքնված անգլո-շոտլանդական պայմանագրի հիմնական պահանջը։ Անգլիական եկեղեցու պաշտպանության մասին երդումը, որի գերագույն ղեկավարը ևս հանդիսանում է բրիտանական միապետը, կհնչի ավելի ուշ՝ խորհրդարանի շենքում։

Գահաժառանգման խորհրդի կազմի մեջ մտնում է մոտ 700 մարդ, այդ թվում Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը, որը միայն երեքշաբթի օրն էր զբաղեցրել պաշտոնը, թագավորության ֆինանսների, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարները, Գաղտնի խորհրդի անդամները, որն իր մեջ ներառում է թագավորական ընտանիքի անդամներին, Լոնդոնի քաղաքապետին, ինչպես նաև Ազգերի համագործակցության երկրներում Մեծ Բրիտանիայի դեսպաններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել