Ազգային ժողովը քննարկեց ազդարարման համակարգի կատարելագործմանը վերաբերող նախագիծ
12:28 - 12 սեպտեմբերի, 2022

Ազգային ժողովը քննարկեց ազդարարման համակարգի կատարելագործմանը վերաբերող նախագիծ

Ազգային ժողովն այսօր քննարկեց  «Ազդարարման համակարգի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Նախագծի նպատակը ազդարարման համակարգի կատարելագործումն ու ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն է։ 

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը նշեց, որ նախագծով առաջարկվում է ազդարարման հետ կապված հարաբերությունները տարածել նաև մասնավոր ոլորտի կազմակերպությունների և համայնքային կազմակերպությունների վրա՝  ազդարարման համակարգի կիրառության ոլորտում ներառելով ոչ միայն պետական կազմակերպությունները, այլ նաև համայնքային, ինչպես նաև մասնավոր ոլորտի առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները։

 «Միաժամանակ նախագծերով առաջարկվել է նախատեսել կոռուպցիոն բնույթի հանցագորոծություն չհանդիսացող իրավիճակներում ազդարարում տալու, այդ թվում՝ անանուն ազդարարելու հնարավորությունը, միաժամանակ սահմանելով ազդարարման նման դեպքերը քննող իրավասու մարմին։ Առաջարկվում է ազդադարման միասնական  հարթակին հասանելիություն տրամադրել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որն իր իրավասության շրջանակում կապահովի միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր ազդարարման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի հարուցումը»։

Փոխնախարարի խոսքով՝ նախագծերով առաջարկվում է Մարդու իրավունքների պաշտպանին սահմանել որպես իրավասու մարմին, որն իր տարեկան հաղորդման շրջանակում կամփոփի ազդարարման վերաբերյալ համապատասխան վիճակագրություն, ինչպես նաև ՄԻՊ-ին վերապահել ազդարարների պաշտպանության իրականացմանը հետևելու և այլ լիազորություններ։
Բացի դրանից՝ նախագծով սահմանում է ազդարարման նոր տեսակ՝ ազդարարում հանրությանը, որի հիմնական նպատակն է ստեղծել գործուն մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ ապահովելով հասարակության իրազեկվածության բարձրացումը, հասարակական վերահսկողւթյան կառուցակարգերի և պետական կառավարման մարմինների նկատմամբ վստահության ամրապնդումը։

Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ Թումանյանցը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունում 2021 թվականին ստացվել է 75 ազդարարում, 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ: 75 ազդարարումից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը, հարուցված ազդարարման վարույթներով 32-ի դեպքում վարույթը կարճվել է, 47-ն ուղարկվել օպերատիվ հետախուզական մարմին ազդարարումը ստուգելու համար:

Ազդարարումը ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդումն է։  Իսկ ազդարարը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ վերոնշյալ խախտումների վերաբերյալ՝ կապված այն պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել