Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
09:30 - 13 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ին, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի (Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից (Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 1945թ. հոկտեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992թ. մարտի 2-ից)), 1974 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա» կետի  (պետության զինված ուժերի ներխուժումը կամ հարձակումը այլ պետության տարածք), «բ» կետի (պետության զինված ուժերի կողմից այլ պետության տարածքի ռմբակոծումը կամ պետության կողմից այլ պետության տարածքի դեմ ցանկացած զենքի կիրառումը), «գ» կետի (պետության զինված ուժերի կողմից այլ պետության ցամաքային, ծովային կամ օդային ուժերի կամ ծովային և օդային նավատորմերի վրա հարձակումը) պահանջները, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: 

ՊՆ-ի հաղորդմամբ՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել