Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն. ԵԽ գլխավոր քարտուղար |azatutyun.am|
14:10 - 13 սեպտեմբերի, 2022

Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն. ԵԽ գլխավոր քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններով, տեղեկանում ենք նրա անունից տարածված հայտարարությունից։

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը շեշտել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։

«Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն։

Եվրախորհուրդ մտնելիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Պետք է հարգել այդ պարտավորությունը։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը»,- նշել է Պեյչինովիչ-Բուրիչը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել