ԵԽ պատգամավորը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի դեմ հարձակումները


 |armenpress.am|
15:40 - 13 սեպտեմբերի, 2022

ԵԽ պատգամավորը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի դեմ հարձակումները |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

«Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խումբը հնարավոր ամենախիստ ձևով դատապարտում է վաղ առավոտյան Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումը։ Կոչ ենք անում Եվրամիությանը՝ ի դեմս ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, հնարավորինս շուտ միջամտել և կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել այս հարձակումները»,- նշել է Ֆուրլասը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել