Ըստ Հայկ Մամիջանյանի՝ Էդգար Ղազարյանը ոստիկանություն տեղափոխվելիս որոշակի վնասվածքներ է ստացել
14:33 - 14 սեպտեմբերի, 2022

Ըստ Հայկ Մամիջանյանի՝ Էդգար Ղազարյանը ոստիկանություն տեղափոխվելիս որոշակի վնասվածքներ է ստացել

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը 168․am-ի հետ ճեպազրույցում հայտնել է, որ Ազգային ժողովի դիմացից Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել անհամաչափ ուժի կիրառմամբ, ինչի արդյունքում որոշակի վնասվածքներ է ստացել․ «Ըստ իմ տեղեկությունների՝ կիրառվել են նաեւ ձեռնաշղթաներ, որի տրամաբանությունն ինձ համար անընկալելի է, այսինքն՝ ՀՀ-ի անվտանգությանը այդքան լուրջ սպառնալի՞ք էր, որ պարոն Ղազարյանին պետք էր ձեռնաշղթաներով տեղափոխել»,- ասաց նա՝ նշելով, որ Ղազարյանին շուտով փաստաբան կմոտենա։

Մամիջանյանը ափսոսանք հայտնեց, որ ռազմական նմանօրինակ զարգացման պարագայում իշխանությունը ուրիշ բան ու գործ չունի, քան ընդդիմախոսների նկատմամբ բեմադրությունների ցուցումներով զբաղված լինելն է։

Ոստիկանության լրատվական բաժնից մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրին, որ ժամը 13։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 2 անձ․ մեկը՝ առավոտյան, մյուսը՝ Ղազարյանը՝ ավելի ուշ։ Ըստ ոստիկանության՝ հիմքը Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է։ Խոսքը վերաբերում է ոստիկանի օրինական պահանջը չկատարելուն։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիներ այսօր դարձյալ բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի շենքի մոտ՝ ԱԺ պատգամավորներից պահանջելով  անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ոստիկանները վահաններով ու սաղավարտներով պատ էին կազմել՝ փակելով մուտքը դեպի Դեմիրճյան փողոց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել