Ապահովում ենք մեր վիրավորների բժշկական օգնությունը․ Անահիտ Ավանեսյան
18:25 - 14 սեպտեմբերի, 2022

Ապահովում ենք մեր վիրավորների բժշկական օգնությունը․ Անահիտ Ավանեսյան

ԱՆ համակարգն ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի։ Մենք ապահովում ենք մեր վիրավորների բժշկական օգնությունը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բոլոր ԲԿ-ները համալրվել են դեղորայքով, բժշկական նշանակության պարագաներով, մասնագիտական թիմերով, անհրաժեշտ շտապ օգնության բրիգադներով։ Այս պահին որևէ կարիք չունեն ոչ մեր համակարգի ներսում բաշխվածություն ապահովելու։

Ակտիվ կապի մեջ ենք թե՛ սփյուռքի, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, համակարգին աջակցելու բոլոր աշխատանքներն իրականացվում են համակարգված։ Բոլոր վիրավորները մարզային կենտրոններում ստանում են համապատասխան բուժօգնություն, այնուհետև մեր մասնագիտական թիմերի ցուցումներով տեղափոխվում են Երևանի ԲԿ-ներ՝ ստանալու ավելի նեղ մասնագիտական և բարձր տեխնոլոգիաներ պահանջող բուժօգնություն»,- նշեց նա։

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ այցելել է բժշկական կենտրոններ Երևանում, այցելելու է նաև մարզային բուժհաստատություններ։

Խոսելով արյան անհրաժեշտ պաշարների, ինչպես նաև սննդի հետ կապված հարցերի մասին՝ նախարարն ասաց․ «Մեր արյան պաշարները բավարար են, անընդհատ համալրվում են, չի նշանակում, որ չենք իրականացնում համալրում։ Սննդի հետ կապված հարցերը ևս համակարգված լուծվում են ՊՆ գործընկերների հետ համատեղ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել