Բայրամով․ «Բաքուն Հայաստանին առաջարկել է մարդասիրական հրադադար հաստատել»
 |azatutyun.am|
20:46 - 14 սեպտեմբերի, 2022

Բայրամով․ «Բաքուն Հայաստանին առաջարկել է մարդասիրական հրադադար հաստատել» |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը Հայաստանին միակողմանի մարդասիրական հրադադար հաստատելու առաջարկ է ներկայացրել», - չորեքշաբթի երեկոյան Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարն այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով բանագնաց Միխայիլ Շվիդկոյի հետ հանդիպման ժամանակ։

«Մեր երկիրը շահագրգռված չէ իրավիճակի ապակայունացման և սրման մեջ», - ասել է նա։

Հայաստանի ԱԳՆ խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահի դրությամբ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություններ չունեն։

Բայրամովն այսօր ընդունել է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Եվրոպացի դիվանագետի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, թե «Հայաստանը խախտել է եռակողմ հայատարարությունների դրույթները», ինչպես նաև այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: 
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել