Մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է․ Սեյրան Օհանյան
01:05 - 15 սեպտեմբերի, 2022

Մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է․ Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով ռազմաքաղաքական իրավիճակի ոչ ճիշտ գնահատման արդյունքում է, որ Հայաստանը հայտնվել է բանակցային գործընթացից դուրս, այնուհետև՝ 2020 թվականին՝ պատերազմի մեջ։ Այս մասին Օհանյանը հայտարարեց ԱԺ շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ընթացքում։

«Պատերազմի ընթացքում այս իշխանությունները ոչիչ չեն արել, որպեսզի ապահովեն խնդիրների կատարումը, հաղթական ելքը, թույլ են տվել, որ թշնամին մոտենա ՀՀ սահմաններին։ Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ սահմաններին մոտ մարտական գործողությունները կանգնեցնելուց հետո ոչ մի միջոց չի ձեռնարկվել, որպեսզի մեր սահմաններում ռազմավարական կարևոր կետերը, ճանապարհները, բարձունքները վերցնենք մեր հսկողության տակ, որպեսզի հետագայում հեշտ լինի մեր պաշտպանության իրականացումը»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ իշխանությունները մոբիլիզացիա չեն իրականացրել՝ համալրելու բանակը, որպեսզի բանակի, սահմանապահ ծառայության անձնակազմը հերիքի ՀՀ ամբողջ սահմանին և Արցախում պաշտպանություն կազմակերպելու։

«Դրանից օգտվել է մեր թշնամին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, սկսել են հարձակողական գործողություններ մի քանի անգամ և գրավել մարտավարական կարևոր կետեր»,- նշեց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը՝ Սեյրան Օհանյանը նշեց․ «Սպետեմբերի 13-ի նրանց գործողությունները օղակի սեղմումն է ՀՀ շուրջը։ Դա ստիպելն է, որ ՀՀ-ը ճանապարհներ, միջանցք տրամադրի  թուրք-ադրբեջանական տանդեմին։ Այդ օղակը օրըստօրե սեղմվում է։ Կարևոր հանցագործը, իհարկե, Ադրբեջանն է, բայց ՀՀ իշխանությունը, կարելի է ասել, ոչինչ չեն արել՝ Ադրբեջանի հանցագործությունները միջազգային հանրությանը ներկայացնելու համար»։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ «պարտված իշխանությունները և՛ ներսում, և՛ միջազգային հարթակներում կոմպլեկսավորված վիճակում են, այդ պատճառով նրանց վրա ճնշումները շարունակվում են»։

«Այդ ամենի մասին խոսում է այս իրավիճակը, և խոսում է նաև այն, որ կան պայմանավորվածություններ։ Կառավարության ղեկին նստած անձը, իմանալով, որ եթե ինչ-որ մի մերժում լինի, ապա հակառակորդը սկսելու է մարտական գործողություններ, ոչինչ չի արել դրան նախապատրաստվելու համար։ Այսինքն, մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է, բանակցողին հեռացնելն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը մեր այսօրվա օրակարգն է»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պատգամավորներից պահանջում են վարչապետին անվստահություն հայտնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել