«Տեղահանվածների բնակության հարցը կարգավորվում է մարզպետարանների միջոցով». փոխնախարար Տաթևիկ Ստեփանյան
 |hetq.am|
16:57 - 15 սեպտեմբերի, 2022

«Տեղահանվածների բնակության հարցը կարգավորվում է մարզպետարանների միջոցով». փոխնախարար Տաթևիկ Ստեփանյան |hetq.am|

hetq.am: «Ստեղծված իրավիճակում Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, տվյալ պահի անվտանգությունը գնահատելով, քաղաքացիների տեղափոխման հարցերը լուծում են մարզային մակարդակով, սա շատ կարևոր եմ համարում շեշտադրել, քանի որ նախորդ՝ 44-օրյայի հիշողություններով պայմանավորված՝ մեզ ահազանգեր են գալիս: Պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա, մարզպետարաններն ամբողջությամբ կարողանում են ծածկել այս հարցը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Տեղակալի խոսքով՝ երեկվանից նախարարության թեժ գծին 10 զանգ է ստացվել, 10 զանգահարողներն էլ եղել են տարբեր մարզեր տեղափոխված, մարդիկ տեղեկացրել են, որ տեղափոխվել են։

Խոսելով մասնավոր կազմակերպված նախաձեռնությունների մասին, Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ հանդիպել են մասնավոր օգնություն կազմակերպողների հետ։

«Երեկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՏԿԵՆ-ը, Միգրացիոն ծառայությունը և մյուս մեր գործընկեր կազմակերպությունները հանդիպում ունեցան այս նախաձեռնությունների հետ, հանդիպման նպատակն ու միտումը մեկն էր, իրազեկել նախարարության կողմից իրականացվող գործընթացների և դրանց պատշաճ արձագանքման կարողությունների մասին, որպեսզի վերածածկեր չկատարվեն, այս պահի դրությամբ ողջ ծավալը սոցիալական աջակցությունների մասով փակվում է մարզպետարանների, հնարավորությամբ, համայնքների միջոցով»,- նշեց նա։

Միասնական սոցիալական ծառայությունում մեկնարկել է վնասվածք ստացած զինվորների ընտանիքների կարիքների գնահատում։

«Ունեցել ենք 1-2 դեպք, երբ տանն օրինակ եղել է հաշմանդամություն ունեցող երեխա և այսպիսով զուտ պատշաճ ուղղորդումներ են իրականացվել, որպեսզի բացեր չմնան»,- նշեց նա։

Իրենց բնակավայրերից տեղահանված մարդիկ, ըստ նախարարի տեղակալի, տեղավորվել են մարզի մակարդակով: Այլ համայնքներում, այլ տեղաշարժեր չեն ենթադրվում, քանի որ չկա տարհանում։ Համայնքապետարանի միջոցով խնդիրը բարձրացվում ու լուծվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել