Կոչ ենք անում բոլոր ուժերը հետ քաշել մինչև էսկալացիան եղած ելման դիրքեր․ ՄԱԿ ԱԽ-ում ՄԹ ներկայացուցիչը՝ Ադրբեջանի՝ ՀՀ դեմ հարձակման մասին
21:21 - 15 սեպտեմբերի, 2022

Կոչ ենք անում բոլոր ուժերը հետ քաշել մինչև էսկալացիան եղած ելման դիրքեր․ ՄԱԿ ԱԽ-ում ՄԹ ներկայացուցիչը՝ Ադրբեջանի՝ ՀՀ դեմ հարձակման մասին

Միացյալ Թագավորությունը ողջունում է սեպտեմբերի 14-ի երեկոյան հաստատված հրադադարը, սակայն շարունակում խորապես մտահոգված մնալ այս շաբաթվա սկզբին սկսված ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին բազմաթիվ հաղորդագրություններով:

Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը, հայտարարել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը։

«Միացյալ Թագավորության դիրքորոշումն այն է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները և բոլոր ուժերը հետ քաշել մինչև էսկալացիան եղած ելման դիրքեր», - հայտարարել է նա։

Միացյալ Թագավորության ներկայացուցչի խոսքով՝ տևական խաղաղության կարելի է հասնել միայն դիվանագիտության միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան․

«Սա են ապացուցում վերջին շաբաթների հուսադրող իրադարձությունները՝ ներառյալ Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձը և Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումները։ Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին վերսկսել երկխոսությունը միջազգային հանրության աջակցությամբ և վերադառնալ առարկայական բանակցությունների՝ կողմերի միջև չլուծված բոլոր հարցերի կարգավորման համար», - նշել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը՝ հավելելով, որ իրենք կշարունակեն աջակցել Վիեննայի և Բրյուսելի միջազգային գործընկերների դիվանագիտական ջանքերին, քանի որ նրանք ձգտում են ապահովել տարածաշրջանի ժողովուրդների համար անհրաժեշտ կայունությունն ու անվտանգությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել