Եկել ենք այն եզրակացության, որ այս պահին ռազմական դրության որոշման չպետք է գնանք․ Նիկոլ Փաշինյան
11:09 - 16 սեպտեմբերի, 2022

Եկել ենք այն եզրակացության, որ այս պահին ռազմական դրության որոշման չպետք է գնանք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից․ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև նախորդ տարի մայիսին Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին է։ Այս մասին այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանը անդրադարձավ նաև ռազմական դրություն մտցնելու հարցին ու նշեց․ «ԱԽ մակարդակով քննարկել ենք Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին նման որոշման չպետք է գնանք։ 

Մյուս կողմից մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, ովքեր ասում էին, որ ռազմական դրությանն էինք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանությանը։ ԱԽ նիստում դա էլ ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել, այս փուլում նրանք կարող են սովորական ընթացակարգով կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի, առավել ևս, որ հիմա նախկինում կայացրած որոշումների շրջանակում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է, և կան բոլոր օրենսդրական հիմքերը որոշումները կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ։

Շատերը ակնկալում էին, որ ռազմական դրություն պետք է մտցվի և այդ համատեքստում խոսույթ է ձևավորվել, թե ինչ անեն քաղաքացիները։ Ես կարծում եմ, որ առաջինը, մենք որևէ պարագայում չպետք է մոռանանք պետության գործունեության և գործառութային դերը կատարելու անհրաժեշտությունը, և խոսքը վերաբերվում է նաև տնտեսությանը, և սա չափազանց կարևոր է։ Իհարկե, մենք ամեն ինչով պետք է աջակցենք զինված ուժերին։ Կան հայրենակիցներ՝ եղբայրներ և քույրեր, ովքեր իրենց պատքն են համարում անմիջականորեն մասնակցել երկրի անվտանգության ապահովմանը։ Նման քաղաքացիները ցանկացած պահի կարող են դիմել կարող են դիմել համապատասխան կառույցներ, զինկոմիսարիատներ, մեր մյուս քաղաքացիները, պետական պաշտոնյաները, մասնավոր հատվածը պետք է ամենօրյա աշխատանքով ապահովեն երկրի բնականոն գործունեությունը, որովհետև դրանից է կախված մեր զինված ուժերի նյութական ֆինանսական ապահովումը, ինչի մասին մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք»,- նշեց Փաշինյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին նշեց․ «բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կամավորության հիմունքով զինվորագրվել և գնալ պատրաստության, անհրաժեշտության դեպքում նրանց կիրառելիությունը ապահովելու համար՝ զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունել և տեղորոշել ըստ վայրերի»։

Սուրեն Պապիկյանը անդրադարձավ նաև սահմանային իրավիճակին ու նշեց, որ օպերատիվ իրավիճակը սահմանին գնահատվում է հարաբերական հանգիստ։ Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է, զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել