ՀՀ և ՌԴ կառավարությունները ստորագրել են 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր
16:08 - 19 սեպտեմբերի, 2022

ՀՀ և ՌԴ կառավարությունները ստորագրել են 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում կայացել է «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը:
 
Համաժողովի ընթացքում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով:
 
Համաժողովի կազմակերպման կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի մեր երկրների միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնմանը»,- իր ուղերձում ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Ավանդաբար հայ-ռուսական հարաբերությունների էական բաղադրիչն է հանդիսանում միջտարածաշրջանային համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները և Հայաստանի մարզերը ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում, հաջողությամբ իրականացնում են համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ»,- ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում։
 
Համաժողովի ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր։
 
Լիագումար նիստից հետո կլոր սեղան ձևաչափով շարունակվել են թեմատիկ քննարկումները «Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը թվային ձևաչափում», «Տուրիստական պոտենցիալի զարգացում», «Հայաստանի մարզերի և ՌԴ ռեգիոնների միջև հումանիտար համագործակցություն» և «Ժամանակակից պայմաններում լոգիստիկա, ֆինանսներ և ներդրումներ» թեմաներով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել