Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի հաղորդմամբ՝ Իրանում երկու տղամարդ է սպանվել բողոքի ակցիաների ժամանակ
22:47 - 19 սեպտեմբերի, 2022

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի հաղորդմամբ՝ Իրանում երկու տղամարդ է սպանվել բողոքի ակցիաների ժամանակ

Քրդական իրավապաշտպան խմբերից մեկը հայտնել է, որ Իրանում այսօր երկու տղամարդ է սպանվել բողոքի ակցիաների ժամանակ։ Ակցիաներն ընթանում են այն պատճառով, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում երիտասարդ կին է մահացել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

22-ամյա Մահսա Ամինին անցյալ շաբաթ Թեհրանում կոմայի մեջ է ընկել և մահացել այն բանից հետո, երբ նրան կալանավորել է Իրանի «բարոյական ոստիկանությունը»։ Այս ամենի հետևանքով ցույցեր են բռնկվել երկրի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ քրդական շրջանում, որտեղից էլ հենց Ամինին էր։

Այսպես կոչված «բարոյական ոստիկանությունն» Իրանում զբաղվում է այն կանանց հարցերով, որոնք խախտում են հագնվելու կաննոնները, հիմնականում չեն կրում հիջաբ։

Hengaw իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ երկու տղամարդիկ սպանվել են Դիվանդարեհ քաղաքում։ Այն գտնվում է Իրանի քրդաբնակ շրջանի մասում, որտեղ բողոքի ցույցերն ամենաակտիվն են եղել:

Մահերը պաշտոնապես չեն հաստատվել։ Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ մի շարք ցուցարարներ ձերբակալվել են, սակայն հերքել է «սոցցանցերում մահվան մասին որոշ պնդումներ»՝ ցուցադրելով երկու վիրավոր երիտասարդների, որոնք հերքել են իրենց սպանության մասին լուրերը: Սակայն այդ երիտասարդների անունները տարբերվում են Hengaw-ի զեկույցի անուններից։ Իրավապաշտպան կազմակերպությունը նշել է նաև 15 վիրավորի մասին։

Կնոջ մահը դատապարտվել է ողջ երկրում, Twitter-ում տարածվում է պարսկերեն #MahsaAmini հեշթեգը։

Իրանական ոստիկանությունը ավելի վաղ հայտարարել է, որ կնոջ մահը «դժբախտ դեպք» է, և հերքել է վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները:

 

Գլխավոր լուսանկարը՝ investing.com-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել