ԱԺԲ-ն հանրահավաք է իրականացնում Ազատության հրապարակում․ հանրահավաքն ունի  3 պահանջ
16:55 - 21 սեպտեմբերի, 2022

ԱԺԲ-ն հանրահավաք է իրականացնում Ազատության հրապարակում․ հանրահավաքն ունի 3 պահանջ

«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը հանրահավաք է իրականացնում Ազատության հրապարակում․ այն մեկնարկեց մեկ րոպե լռությամբ հարգելով սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակը։ 

Հանրահավաքն ունի 3 պահանջ․ կազմակերպել ինքնապաշտպանություն, օր առաջ լքել ՀԱՊԿ կոչվող մեռելածին, պուտինյան կազմակերպությունը, դիմել ԱՄՆ՝ ստանալու ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակը։

«Այսօրվա մեր հւմնական ուղերձներից մեկը ՀԱՊԿ-ին անդամակցումը դադարեցնելն է․ լինելով ՀԱՊԿ անդամ՝ դառնում ենք Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ անդամ պետությունների թշնամին, դրանից հետո, լինելով թշնամի այդ երկրներին, մենք չգիտես իչու մունաթ ենք գալիս էդ երկրների վրա ու ասում ենք՝ ինչի մեզ զենք չեն տալիս։ Ո՞վ ա իր թշնամուն զենք տալիս, կամ գոնե թշնամու դաշնակցին․ դրա համար առաջինը մենք պետք է կասեցնենք անդամակցությունը ՀԱՊԿ-ին, հետո սկսենք ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակի ստացման հարցը։

Անդրադառնամ մի մտքի եւս․ ասում են՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը կտեւի 6 ամիս, 6 ամիս տեւում է, եթե ամեն ինչ օրինավոր է, այսինքն՝ կողմերը կատարել են իրենց պարտավորությունները․ մենք ունենք այլ կարգավիճակ։ Ասենք Ուզբեկստանը, երբ դիմեց, ինքը չուներ հիմքեր դիմելու, ու 6 ամիս հետո դուրս եկավ։ Հայաստանի դեպքն ուրիշ է, մեր ՀԱՊԿ-ի դաշնակիցները չեն կատարել իրենց հանձնառությունները՝ ամրագրված այդ փաստաթղթով։

Միջազգային իրավունքը հստակ է․ եթե կողմերից մեկը չի կատարում իր ստանձնած պարտավորությունը, փաստաուղթը դառնում է առոչինչ, եթե ուրացել են դրա հիմնական դրույթները․ սա հստակ ամրագրված է 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 60-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասաց Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել