Պեսկովը հայտարարել է՝ մասնակի մոբիլիզացիայի որոշումը պայմանավորված է նրանով, որ  «դե ֆակտո Ռուսաստանի դեմ է կանգնած ՆԱՏՕ բլոկն՝ իր ողջ նյութատեխնիկական հնարավորություններով»
15:40 - 22 սեպտեմբերի, 2022

Պեսկովը հայտարարել է՝ մասնակի մոբիլիզացիայի որոշումը պայմանավորված է նրանով, որ «դե ֆակտո Ռուսաստանի դեմ է կանգնած ՆԱՏՕ բլոկն՝ իր ողջ նյութատեխնիկական հնարավորություններով»

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ երկրում մասնակի մոբիլիզացիայի որոշումը պայմանավորված է նրանով, որ այժմ «դե ֆակտո Ռուսաստանի դեմ է կանգնած ՆԱՏՕ բլոկն՝ իր ողջ նյութատեխնիկական հնարավորություններով»։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

«Նախագահը (Վլադիմիր Պուտինը- խմբ․) երեկվա իր ելույթում հստակ բնորոշում տվեց և բացատրեց նման որոշման կայացման պատճառները: Բանն այն է, որ հատուկ գործողությունը սկսվեց Ուկրաինայում նպատակներ իրագործելու համար: Այժմ, դե ֆակտո, փաստացի մեր դեմ է կանգնած ՆԱՏՕ բլոկը՝ իր ողջ նյութատեխնիկական հնարավորություններով: Դա հանգեցրեց նման անհրաժեշտության»,- ասել է Պեսկովը։

Նա  նշել է, որ ՌԴ-ում տնտեսական մոբիլիզացիայի վերաբերյալ որոշումներ այս պահին չկան։

Պեսկովը նաև  ուռճացված է համարել Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո օդանավակայաններում և անցակետերում տիրող աժիոտաժի մասին տեղեկությունները։

Պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, որ շրջաններում սահմանները փակվում են, և հրապարակումներ կան, որ Թաթարստանն ու Կուրսկի մարզն արդեն արգելել են մոբիլիզացվողների ելքը, Պեսկովը նշել է․ «Ըստ [ՌԴ] նախագահի հրամանագրի ութերորդ պարբերության՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ապահովեն քաղաքացիների զորակոչը զորահավաքային ծառայության համար»։ 

Ինչպես հայտնել է Պեսկովը, ՌԴ յուրաքանչյուր սուբյեկտի համար թիվը և ժամկետները սահմանում է երկրի պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։

«ՆԱՏՕ-ն հետախուզություն է անցկացնում Ռուսաստանի ողջ տարածքում։ Բացահայտ ասում են, որ Ռուսաստանին պետք է հաղթել մարտի դաշտում։ Գործի է դրվել նաև միջուկային  շանտաժը։ Նման հայտարարություններ թույլ տվողներին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն էլ ունի նման միջոցներ»,- նշել է նա իր ելույթում։

ՌԴ մի շարք քաղաքներում մոբիլիզացիայի դեմ ցույցեր են սկսվել։ Իսկ երեկ այս ամենին ֆոնին հայտնի դարձավ, որ  Մոսկվայից դեպի Ստամբուլ, Երևան, Բաքու և այլ երկրներ չվերթների տոմսերը սպառվել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել