ՌԴ-ում մոբիլիզացիայի դեմ ակցիաների ժամանակ ձերբակալված մարդիկ պատմել են, որ իրենց զորակոչի ծանուցագրեր են հանձնել ոստիկանության բաժանմունքներում
16:34 - 22 սեպտեմբերի, 2022

ՌԴ-ում մոբիլիզացիայի դեմ ակցիաների ժամանակ ձերբակալված մարդիկ պատմել են, որ իրենց զորակոչի ծանուցագրեր են հանձնել ոստիկանության բաժանմունքներում

Մոսկվայում ձերբակալված մարդիկ պատմել են, որ իրենց զորակոչի ծանուցագրեր են հանձնել ոստիկանության մի քանի բաժանմունքներում։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ այս մասին հայտնում է Ռուսաստանում «արտասահմանյան գործակալություն» հայտարարված ОВД-Инфо իրավապաշտպան նախագիծը: 

Իրավապաշտպանների խոսքով նման բան է տեղի ունեցել Ռուսաստանի մի քանի շրջաններում։

ОВД-Инфо-ն հայտնում է, որ Մարֆինո շրջանի ոստիկանական բաժանմունք է եկել քաղաքացիական հագուստով մի տղամարդ և ասել, որ կհանձնի ծանուցագրեր, իսկ Պրոսպեկտ Վերնադսկի շրջանի ոստիկանության բաժին են ժամանել զինկոմիսարիատի աշխատակիցները, ինչպես գիշերը հայտնել են ձերբակալվածները։ Ձերբակալվածներից առնվազն մեկին սպառնացել են քրեական գործ հարուցել ծանուցագիրը ստորագրելուց հրաժարվելու պատճառով։

Ակցիայի ժամանակ բերման ենթարկվածներից մեկի կինը Медиазона-ին ասել է, որ իր ամուսնուն ծանուցագիր են հանձնել Սոկոլինայա Գորա շրջանի ոստիկանության բաժնում։

Sota տելեգրամյան ալիքի լրագրող Արտեմ Կրիգերին, որը ձերբակալվել էր Մոսկվայում մոբիլիզացիայի դեմ բողոքի ակցիայի ժամանակ, նույնպես ծանուցագիր է հանձնվել։ Նա այդ մասին հայտնել է Дождь-ին։ 

Իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս լուրերը, այսօր հայտարարել է, որ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվողներին ծանուցագրեր հանձնելը օրենքի դեմ չէ։

Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։

«ՆԱՏՕ-ն հետախուզություն է անցկացնում Ռուսաստանի ողջ տարածքում։ Բացահայտ ասում են, որ Ռուսաստանին պետք է հաղթել մարտի դաշտում։ Գործի է դրվել նաև միջուկային  շանտաժը։ Նման հայտարարություններ թույլ տվողներին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն էլ ունի նման միջոցներ»,- նշել է նա իր ելույթում։

ՌԴ մի շարք քաղաքներում մոբիլիզացիայի դեմ ցույցեր են սկսվել։ Իսկ երեկ այս ամենին ֆոնին հայտնի դարձավ, որ  Մոսկվայից դեպի Ստամբուլ, Երևան, Բաքու և այլ երկրներ չվերթների տոմսերը սպառվել են։

 

Գլխավոր լուսանկարը՝ Վյաչեսլավ Պրոկոֆևի (ՏԱՍՍ)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել