Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը
13:06 - 25 սեպտեմբերի, 2022

Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։

Արտգործնախարարները քննարկել են ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Սիրիայի հայկական համայնքի դերը Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ չնայած սիրիական ճգնաժամի ընթացքում կրած դժվարություններին, այն շարունակում է յուրահատուկ կամուրջի դեր խաղալ երկու երկրների միջև:

Արարատ Միրզոյանը և Ֆեյսալ Ալ-Միկդադն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի՝ շեշտելով խնդիրները խաղաղ բանակցությունների ու երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի և համապատասխան մեխանիզմների միջոցով ագրեսորին զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել